Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովը կանցնի «Ապրել միասին» կարգախոսով

Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթնաժողովը կանցնի «Ապրել միասին» կարգախոսով

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 26-ին Փարիզում Ֆրանկոֆոնիայի նախարարների 34-րդ համաժողովում ներկայացվել է Երևանում 2018թ. կայանալիք գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքը։

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը համաժողովի մասնակիցների հաստատմանը ներկայացրել է կազմակերպության կանոնադրական մարմինների նստաշրջանների ժամկետները, գագաթնաժողովի խորհրդանիշը, կարգախոսը և քննարկումների հիմնական թեմաները։

Հայաստանի առաջարկությամբ որոշվել է Ֆրանկոֆոնիայի Երևանի գագաթնաժողովն անցկացնել 2018թ․ հոկտեմբերի 11-12-ին, իսկ ՖՄԿ կանոնադրական մարմինների նիստերը հետևյալ օրացույցով՝ հոկտեմբերի 7-ին Ֆրանկոֆոնիայի մշտական խորհուրդը, հոկտեմբերի 8-9-ին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը։

«Ապրել միասին»-ը Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը հաստատել է որպես Երևանյան գագաթնաժողովի կարգախոս։ Այս առումով Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ այդ կարգախոսը դրվելու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության առաջարկվելիք նոր հիմնարար փաստաթղթի՝ Երևանյան պակտի հիմքում։ Նախարարի խոսքերով, Պակտը կարտացոլի Ֆրանկոֆոնիայի համընդհանուր արժեքները՝ մարդու և ժողովուրդների իրավունքների պաշտպանությունը, ժողովրդավարությունը, միջմշակութային և միջկրոնական երկխոսությունը, ինչպես նաև պայքարը այնպիսի երևույթների դեմ, ինչպիսիք են այլատյացությունը, անհանդուրժողականությունը, խտրականությունը և ատելության սերմանումը։

Նախարարական համաժողովի մասնակիցները դիտել են Հայաստանի մասին այցեքարտ-ֆիլմ՝ Գագաթնաժողովի անցկացման պայմանների, նիստերի անցկացման վայրի, ենթակառուցվածքների և կազմակերպչական այլ հարցերի վերաբերյալ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ֆրանկոֆոնիայի նախարարների համաժողովը միաձայն հավանություն է տվել Երևանում գագաթաժողովի անցկացման վերաբերյալ Հայաստանի բոլոր առաջարկություններին:

Ֆրանոկոֆոնիայի նախարարական 34-րդ համաժողովին ներկա էին կազմակերպության անդամ, ասոցացված անդամ և դիտորդ 84 երկրների և կառավարությունների բարձրաստիճան պատվիրակություններ, ՖՄԿ գործընկեր կառույցների ղեկավարներ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---