Հունաստանն անվերապահ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներին

Հունաստանն անվերապահ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահներին

PanARMENIAN.Net - Հունաստանն անվերապահ աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համախագահների գործունեությանը: Այդ մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Կոձիասն իր հայ պաշտոնակից Էդվարդ Նալբանդյանի հետ բանակցությունների ժամանակ:

Նալբանդյանն իր գործընկերոջն է ներկայացրել ղարաղաբյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի ու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների համատեղ ջանքերը։ Կոձիասն իր հերթին ներկայացրել է վերջին զարգացումները Կիպրոսի ճգնաժամում:

Նախարարներ Նալբանդյանը և Կոձիասը կարևորել են հայ-հունական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքները և գործարար համաժողովների կազմակերպումը:

ԱԳ նախարարներն անդրադարձել են Հայաստանի ազատ առևտրի գոտիներում հունական ընկերությունների հնարավոր ներգրավմանը, Հայաստան-ԵՄ, ինչպես նաև Հունաստանի և Եվրասիական տնտեսական միության շրջանակներում համագործակցության զարգացման հնարավորություններին:

Հայաստանի և Հունաստանի արտգործանախարարները կարևորել են նաև աշխարհասփյուռ մեծաքանակ հայկական և հունական համայնքային կառույցների համագործակցության հնարավորությունները և այս համատեքստում ընդգծեցին երկու երկրների արտգործնախարարությունների ակտիվ ներգրավվածությունը այս կապերի ամբողջական ներուժն ուսումնասիրելու գործում:

Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանը ներկայացրել է 2018-ին Հայաստանոմ անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովի օրակարգն ու նախապատրաստական աշխատանքները: Անդրադարձ է կատարվել նաև ՍԾՏՀԿ-ում Հայաստանի նախագահության ստանձնմանը և ՍԾՏՀԿ խորհրդարանական վեհաժողովում փոխգործակցության խորացմանն առնչվող հարցերին:

Հայաստան - Եվրամիություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման համատեքստում քննարկվել են ՀՀ-ԵՄ ընդլայնվող հարաբերությունները, մտքեր են փոխանակվել մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության մեկնարկի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին Էդվարդ Նալբանդյանը և Նիկոս Կոձիասը ստորագրել են երկու արտգործնախարարությունների միջև խորհրդատվությունների մեխանիզմի ստեղծման վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որին հաջորդեց նախարարների համատեղ մամուլի ասուլիսը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Նախարարները հանգամանալից մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային հրատապ խնդիրների, Մերձավոր Արևելքում վերջին զարգացումների, առկա հիմնահարցերի հանգուցալուծման ուղիների վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է արվել քաղաքական երկխոսության հետագա խորացման, տնտեսական համագործակցության ամրապնդման, երկկողմ առևտրատնտեսական կապերի ընդլայնման վերաբերյալ հարցերին, ինչպես նաև կարևորվեց պաշտպանության, կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և այլ բնագավառներում գործընկերության զարգացումը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---