// IP Marketing video - START// IP Marketing video - END

ՀՀ ԱԳՆ-ն՝ Անկարային. Հայտնի է՝ Արձանագրություններում ԼՂ խնդրի կամ որևէ նախապայմանի մասին խոսք չկա

ՀՀ ԱԳՆ-ն՝ Անկարային. Հայտնի է՝ Արձանագրություններում ԼՂ խնդրի կամ որևէ նախապայմանի մասին խոսք չկա

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ Թուրքիայի ԱԳՆ դեկտեմբերի 14-ի մեկնաբանությունը 2009-ի ցյուրիխյան արձանագրությունների տառն ու ոգին աղավաղելու հերթական աղաղակող օրինակ է։ Այդ մասին ասվում է Հայաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ:

Թուրքիայի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է. «Չնայած Արձանագրությունների վերաբերյալ Հայաստանի բացասական դիրքորոշմանը, Թուրքիան հավատարիմ է Արձանագրությունների հիմնական դրույթներին: Այս Արձանագրությունները դեռևս գտնվում են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի օրակարգում։ Անհրաժեշտ է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթաց լինի` Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի հիման վրա»:

Նշվում է, որ նախագահ Սարգսյանի նախաձեռնած Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ ՀՀ դիրքորոշումն արատահայտված էր առանց նախապայմանների կարգավորման հայտնի մոտեցմամբ: Թուրքական կողմի հետ հենց այս ընդհանուր փոխըմբռնմամբ սկսվեց բանակցային գործընթացը և եղան պայմանավորվածություններ:

Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. ինչպես հայտնի է, արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Անկարան հետ կանգնեց պայմանավորվածություններից՝ ոչ միայն մերժեց վավերացնել դրանք, այլև վերադարձավ նախապայմանների լեզվին, որը նա օգտագործում էր մինչև գործընթացի մեկնարկը: Թուրքիայի արտգործնախարարության վերջին մեկնաբանությունը նույն շարքից է։

«Անկարան չի խորշում ևս մեկ անգամ կրկնել իր նախապայմանները, կապելով հայ-թուրքական հարաբերությունները Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի՝ Ադրբեջանի օգտին լուծման հետ՝ կամայական հղում կատարելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին, որոնք որևէ առնչություն չունեն կարգավորման բանակցային գործընթացի հետ։ Բոլորին է հայտնի, որ Արձանագրություններում ղարաբաղյան հակամարտության կամ որևէ նախապայմանի մասին խոսք անգամ չկա։ Ստորագրումից հետո, վերստին նախապայմանների լեզվին վերադառնալով, Թուրքիան դեմ գնաց միջազգային հանրությանը, որն, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այսօր աջակցում է հայ-թուքական հարաբերությունների՝ առանց նախապայմանների կարգավորմանը։

Թուրքական կողմը հրաժարվեց արձանագրությունների վավարերացումից և ողջ գործընթացը միտումնավոր մղեց դեպի փակուղի։ Հայաստանը հենց այդ պատճառով ստիպված էր կասեցնել վավերացման ընթացակարգը՝ դեռ մնալով կարգավորման գործընթացում, ինչը տարբեր երկրների ղեկավարների կողմից ըմբռնումով ընկալվեց և ողջունվեց

Ակնհայտ է, որ այսօր էլ՝ Արձանագրությունների ստորագրումից տարիներ անց, Անկարան պատրաստ չէ կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները»,-ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ նորություն չէ, որ Թուրքիայի իշխանությունները կառչում են կարծրատիպային մոտեցումներից, փորձում են շինծու մեղադրանքներ հնչեցնել։ Հարյուր տարուց ավելի է, ինչ այդ երկրի ղեկավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը։ «Մի՞թե ավելի հեշտ է ժխտողականության միջոցով իր ուսերին վերցնել Օսմանյան կայսրության կողմից գործված հարյուրամյա վաղեմության մեծ ոճրի մեղքը, քան ճանաչել այն՝ կարևոր ծառայություն մատուցելով թե սեփական ժողովրդի, թե տարածաշրջանի ապագայի, թե նոր ցեղասպանությունների կանխարգելման գործին»,-ասվում է հայտարարության մեջ։

Ըստ փաստաթղթի, Անկարան գնում է հակառակ ուղիով։ Թուրքիայի ԱԳՆ մեկնաբանությունը պնդում է, թե իբր Հայոց ցեղասպանության ճանաչման ջանքերը սխալ են բարոյական ու իրավական առումով և վատ նպատակներ հետապնդող քայլեր են։ Ստացվում է, որ Թուրքիան բարոյականության խրատներ է տալիս Ֆրանսիային, Գերմանիային, Ավստրիային, Ռուսաստանին, Ուրուգվային, Արգենտինային, Բելգիային, Հունաստանին և տասնյակ այլ երկրների, որոնք ճանաչել են Հայոց ցեղասպանությունը։

«Զավեշտալի է, որ Թուրքիան, որն աշխարհում խոսքի ազատության ամենամեծ սահմանափակողներից մեկն է, ժխտողականությունը փորձում է արդարացնել խոսքի ազատության պատճառաբանությամբ։

Ինչպես արձանագրությունների ստորագրումից հետո, այնպես էլ այսօր աշխարհի տարբեր մայրաքաղաքներում հստակ գիտակցում են, որ գնդակը թուրքական կիսադաշտում է, որ Հայաստանը արել է հնարավորինը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համար։ Անկարայում այս և այլ իրողությունների գիտակցման բացակայումն է, որ աշխարհով մեկ արմատավորում է զգացումը, որ Թուրքիան և միջազգային հանրությունը խոսում են տարբեր լեզուներով»,-նշվում է փաստաթղում:

Հայտարարության մեջ շեշտվում է, որ հենց սա է պատճառը, որ նախագահ Սարգսյանը ՄԱԿ-ի ամբիոնից հայտարարեց, որ ցյուրիխյան արձանագրությունների կենսագործման ուղղությամբ շարունակաբար որևէ դրական տեղաշարժի բացակայության պայմաններում Հայաստանը 2018 թվականի գարնանը դրանք կհայտարարի առ ոչինչ, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել էր Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի դեկտեմբերի 13-ին Աթենքում ցյուրիխյան արձանագրությունների մասին արված հայտարարությանը, համաձայն որի «2018թ գարունը կդիմավորենք առանց այդ Արձանագրությունների»: Թուրքիայի արտգործնախարարության տարածած հայտարարության վերջին հատվածում անդրադարձ կա Հայոց ցեղասպանությանը։ Այստեղ նշվում է, թե Էդվարդ Նալբանդյանի ելույթում «Հայոց ցեղասպանության վերաբերյալ պնդումները չեն արտացոլում ճշմարտությունը»:

 Ուշագրավ
Ըստ Բալասանյանի՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է ահաբեկել բոլորին
«Նախագահ Շիրակը, հիրավի, հայ-ֆրանսիական միջպետական հարաբերությունների զարթոնքի խորհրդանիշներից էր»,-ասվում է գրառման մեջ
Դատախազությունը հաստատել է Սանասարյանին առաջադրված մեղադրանքն ու գործն ուղարկել դատարան:
Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է Վալերի Օսիպյանին աշխատանքից ազատելու հրամանագիրը: