Վարչապետը Դավոսում հանդիպել է միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

Վարչապետը Դավոսում հանդիպել է միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ

PanARMENIAN.Net - Վարչապետ Կարեն Կարապետյանը Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակներում այսօր հանդիպումներ է ունեցել միջազգային խոշոր ընկերությունների ղեկավարների հետ:

Կարեն Կարապետյանի առաջին հանդիպումը խորհրդատվության ոլորտում «Մեծ եռյակ»-ի ընկերություններից մեկի՝ «Բի Սի Ջի» (Boston Consulting Group, BCG) ընկերության նախագահ Հանս-Պոլ Բյորների հետ էր:

Հանդիպմանը քննարկվել են «Բի Սի Ջի» ընկերության և «Բի Սի Ջի Դիջիթլ Վենչուրս» ընկերության հետ համագործակցության հեռանկարները: Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ Հայաստանը կարող է հետաքրքիր լինել ընկերության համար՝ ինչպես որպես առանձին երկիր, այնպես էլ որպես տարածաշրջանային շուկաներ մուտք գործելու հարթակ՝ նշելով, որ լինելով ԵՏՄ անդամ, Հայաստանն օգտվում է նաև Եվրամիության GSP+ արտոնյալ ռեժիմից, իսկ հարևան Իրանի հետ սահմանին ստեղծվում է Մեղրի ազատ տնտեսական գոտին, որը գործակցության նոր հնարավորություններ կարող է ստեղծել: Զրուցակիցներն անդրադարձել են փոխգործակցության հեռանկարային ուղղություններին, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

«Մեծ եռյակ»-ում, բացի «Բի Սի Ջի»-ից, ընդգրկված են նաև McKinsey և Bain & Company ընկերությունները: Ներկայումս «Բի Սի Ջի» ընկերությունը գրասենյակներ ունի 50 երկրում:

Վարչապետի մյուս հանդիպումը «ՎԵՈՆ» ( VEON) ընկերությունների խմբի գլխավոր գործադիր տնօրեն Ժան Իվ Շարլիեի հետ և արտաքին կապերի ղեկավար Մարկ Մաքգանի հետ էր: Կարեն Կարապետյանը նշել է, որ Հայաստանը գնահատում է «ՎԵՈՆ»-ի հետ հաստատված համագործակցությունը՝ հույս հայտնելով, որ ընկերությունը կընդլայնի իր գործունեությունը Հայաստանում և կավելացնի ներդրումների ծավալը: Զրուցակիցներն անդրադարձել են նաև ՀՀ կառավարության կողմից իրականացվող Թվային օրակարգին՝ ընդգծելով դրա կարևորությունը երկրի տնտեսության զարգացման համար:

ՎԵՈՆ-ի ներկայացուցիչները նշել են, որ բավարարված են 2017 թվականի արդյունքներով, և իրենց ծրագրերը Հայաստանում շարունակական են լինելու: «Մենք լավատեսությամբ ենք նայում Հայաստանին ու տարածաշրջանին, և կարծում ենք, որ այն ավելի գրավիչ է դառնում օտաերկրյա ներդրողների համար», - նշել է Ժան Իվ Շարլիեն՝ տեղեկացնելով, որ մոտ ժամանակներս կրկին կայցելի Հայաստան:

Մեկնարկել է ՀՀ վարչպետ Կարեն Կարապետյանի աշխատանքային այցը Շվեյցարիայի Համադաշնություն: Ժամանելով Ցյուրիխ՝ վարչապետը հանդիպում է ունեցել Շվեյցարիա-Հայաստան առևտրային պալատի ներկայացուցիչների և շվեյցարացի գործարարների հետ:

Դիմելով ներկաներին՝ վարչապետը նշել է.«Այսօր ձեզ ուղղված իմ ուղերձը պարզ ու անկեղծ է՝ եկե՛ք ու բիզնեսով զբաղվեք Հայաստանոմ, եկե՛ք ու ներդրումներ արեք Հայաստանում: Մեր երկիրը ներդրումներ կատարելու և բիզնեսով զբաղվելու արժանի վայր է: Մենք նշանակալի բարեփոխումներ ենք նախաձեռնել տարբեր ՝ պետական կառավարման, հարկային և մաքսային, կրթության ոլորտներում, մենք բարելավում ենք բիզնես միջավայրն ու մթնոլորտը՝ խթանելու տեղական ձեռներցությունն ու օտարերկրյա ներդրումների ներգրավումը: Մենք բարելավում ենք զբոսաշրջային ոլորտն ու ծառայությունները»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---