ՀՀ-ն ուզում է 50%-ով ավելացնել այլընտրանքային և 10%-ով՝ միջուկային էլէներգիայի ծավալները

ՀՀ-ն ուզում է 50%-ով ավելացնել այլընտրանքային և 10%-ով՝ միջուկային էլէներգիայի ծավալները

PanARMENIAN.Net - ՀՀ էներգետիկայի նախարարությունն իր առջև խնդիր է դրել առաջիկա տարիներին սեփական այլընտրանքային վերականգնվող էներգետիկ աղբյուրներից ստացվող էլեկտրաէներգիայի ծավալը երկրի ներքին սպառման կառուցվածքում հասցնել առնվազն 50%, առնվազն 20%-ով իջեցնել գազային կայաններում միավոր էլեկտրաէներգիայի արտադրության համար ծախսվող գազի ծավալները և առնվազն 10%-ով ավելացնել միջուկային էներգիայի մասնաբաժինը:

Այդ մասին հայտարարել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը վարչապետ Կարեն Կարապետյանի հետ նախարարությունում հանդիպման ժամանակ: Ծրագիրը նախատեսվում է իրականացնել երկրի էներգետիկ անվտանգության ապահովման նպատակով: Վարչապետը նախարարություն էր այցելել ծանոթանալու 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքներին, ինչպես նաև 2018 թ. անելիքներին:

Խոսելով առնվազն 10%-ով միջուկային էներգիայի մասնաբաժնի, արտադրության, արտադրության ծավալի ավելացման մասին՝ նախարարը նշել է, որ միաժամանակ նպատակ է դրվել հասնել էներգաբլոկի հուսալիության բարձրագույն մակարդակի դրա արդիականացման ճանապարհով, հայտնում է նախարարության մամուլի ծառայությունը:

Վարչապետի հանձնարարությամբ ստեղծվել է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի շահագործման հուսալիության և արդյունավետության բարձրացմանն ուղղված տեխնիկական հանձնաժողով, որի հիմնական գործառույթներն են տեխնիկական քաղաքականությունը, ՀՀ էներգետիկ համակարգում գլխավոր ինժեների գործառույթի ներդրումը, որը կներառի բոլոր տեսակի վթարների քննարկումը և վթարների կանխարգելման ծրագրերի մշակումը: Հանձնաժողովի խնդիրն է նաև՝ կենտրոնացնել աշուն-ձմեռ մաքսիմումի անցման նախապատրաստական աշխատանքները մեկ միասնական օղակում և վերահսկել՝ միաժամանակ սահմանելով դրանց չափորոշիչները, ծավալները և գրաֆիկները: Վարչապետ Կարապետյանը կարևորել է տեխնիկական քաղաքականության արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---