ԱԳ նախարար. Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Ցեղասպանության ճանաչումն անշրջելի է

ԱԳ նախարար. Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Ցեղասպանության ճանաչումն անշրջելի է

PanARMENIAN.Net - Թուրքիայում չեն կարող չգիտակցել, որ Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացն անշրջելի է: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն՝ ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցին մեկնաբանելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությունը:

Մևլյութ Չավուշօղլուն «պոպուլիզմ» է որակել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջին ելույթում Հայոց ցեղասպանության վերաբերյալ հայտարարությունը:

«Պարզ է, որ շուրջ մեկ դար շարունակվող ժխտողական քաղաքականությունը ձախողվել է, սակայն Թուրքիան դեռ կառչած է մնում կարծրատիպերից:Անկարան չի խորշում աղավաղել ոչ միայն պատմական փաստերը, այլև ներկա իրողությունները՝ այդ թվում խեղաթյուրելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռները»,-ասել է Նալբանդյանը:

Նախարարը հավելել է, որ Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կողմից Թուրքիայի վարչապետին ուղղված բաց նամակում իրավացիորեն նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը լայնորեն վավերագրված է Միացյալ Նահանգների և այլ երկրների, ներառյալ պատերազմական ժամանակաշրջանում Օսմանյան Թուրքիայի դաշնակիցներ Գերմանիայի, Ավստրո-Հունգարիայի հազարավոր պաշտոնական փաստաթղթերում, ականատես դիվանագետների, միսիոներների, ցեղասպանությունը վերապրածների վկայություններում, տասնամյակների բազմաթիվ պատմագիտական և իրավական ուսումնասիրություններում, անգամ Օսմանյան ռազմական տրիբունալի արխիվներում:

Նա նշել է նաև, որ արժանահիշատակ է, որ ի թիվս շատ այլ երկրների Գերմանիան և Ավստրիան ոչ միայն ճանաչել են Հայոց ցեղասպանությունը, այլ նաև ընդունել են պատասխանատվության իրենց բաժինը՝ որպես այդ ժամանակաշրջանում Թուրքիայի դաշնակիցներ:

«Միջազգային հանրության կողմից բազմիցս է շեշտվել, որ Ցեղասպանության ժխտողականությունը պարարտ հող է ստեղծում մարդկության դեմ հանցագործությունների կրկնության համար: Հայոց ցեղասպանության ճանաչողներին «պոպուլիստ» անվանելու փոխարեն, Անկարան պետք է հրաժարվի իր ժխտողական քաղաքականության վտանգավոր պոպուլիզմից, քաջություն ցուցաբերի սեփական անցյալին առերեսվելու համար»,,-ասել է Նալբանդյանը, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Չավուշօղլուն ասել էր. «Եթե նույնիսկ Ցեղասպանության հարցը օրակարգ բերվի, կամ չբերվի, դրանից ի՞նչ կլինի: Ֆրանսիան խոսում է իրավունքից: Սակայն կա դատարանի պարզ որոշում: Ցեղասպանություն արտահայտությունը ոչ թե քաղաքական, այլ իրավական եզրույթ է: Ֆրանսիայի սահմանադրական դատարանն էլ այդ հարցի վերաբերյալ իր որոշումը կայացրել է: Եթե Ֆրանսիան իրավունքին հավատար, ապա անհրաժեշտություն չէր լինի հարցը օրակարգ բերել: Կա նաև «Դողու Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի» գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ նախորդ տարի կայացրած հստակ վճիռը, որը վեր է երկրի ներքին օրենսդրությունից»:

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---