«Կանաչ», նորարարական և երևանյան. «Կամար» բիզնես կենտրոնը եզակի է ամբողջ ՀՀ-ում

«Կանաչ», նորարարական և երևանյան. «Կամար» բիզնես կենտրոնը եզակի է ամբողջ ՀՀ-ում

PanARMENIAN.Net - Երևանի Շահումյան հրապարակում շահագործման է հանձնվել 2014 թվականին միջազգային նորարարական չափանիշներով նախագծված «Կամար» բազմաֆունկցիոնալ բիզնես կենտրոնը, որտեղ միաձուլվել են հին երևանյան և նորարարական ճարտարապետությունը, էներգախնյաող տեխնոլոգիաներն ու հարմարավետությունը: «Ա» դասի բիզնես կենտրոնի նախագծման և կառուցման աշխատանքների պատմությունը, ինչպես նաև շահառուներին առաջարկվող գերժամանակակից ճարտարապետական լուծումներով հագեցած գրասենյակային տարածքներն ու դրանց հնարավորությունները, ներկայացվեցին լրագրողներին:

«Կամարի» ճարտարապետներն են Ռուբեն և Միքայել Հասրաթյանները: Կառույցի մուտքը զարդարող ծառի մետաղյա քանդակի հեղինակը քանդակագործ Դավիթ Երևանցին է:

Կառույցը միավորում է երեք տարբեր դարաշրջանի՝ ցարական, խորհրդային և ժամանակակից շենքներ: Աջ կողմից՝ Ամասիայի սև տուֆից կառուցված «Սև» շենքի նախագծի հեղինակը թիֆլիսահայ ճարտարապետ Միքայել Օհանջանյանն է. շենքը նախագծվել է 1910 թվականին: Այն եղել է տարածաշրջանային նշանակություն ունեցող Թիֆլիսի առևտրային բանկի Էրիվանյան մասնաճյուղի շենքը: Շենքում առ այսօր բանկային գործունեություն է ծավալվում՝ այստեղ է գտնվում Ամերիա Բանկի «Կամար» մասնաճյուղը: Կառույցի մյուս կողմում ճարտարապետ Նիկոլայ Բունիաթյանի նախագծով 1926-ին կառուցված գյուղատնտեսական բանկի շենքն է: Դրա գաղափարը պատկանում է հայ մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին: Կենտրոնում՝ մի փոքր ներս ընկած հատվածում, Ամերիաբանկի շենքն է:

«Կամարի» տնօրեն Արտաշես Կազախեցյանի խոսքով, շենքի սեփականատեր՝ «Ամերիա» ընկերությունների խմբի մեջ մտնող «Փրոփերթի Դիվելոփմենթ Քամփնի» (Property Development Company CJSC) ՓԲ ընկերությունը, կարևորելով տարածքի հին կառույցների ճարտարապետական նշանակությունը և դրանք պահպանելու ու գալիք սերունդներին հանձնելու առաքելությունը, մեծ պատասխանատվությամբ է նախաձեռնել դրանց վերակառուցման աշխատանքները: «Ամերիա» ընկերությունների խումբը ներդրումներ անելիս մի շատ կարևոր սկզբունք ունի, այն է՝ չանել ներդրում միայն շահույթի համար, այլ այդ ներդրումով որևէ նորարարություն բերել, մի քայլ առաջ լինել: Այս կենտրոնի մեջ ներդրում է արվել ոչ միայն որպես անշարժ գույքի, այլև որպես գերժամանակակից և էներգախնայող լուծումներով նախագծի», - նշեց Կազախեցյանը:

Բիզնես կենտրոնն ունի էներգախնայողության և էկոլոգիական շինարարության բոլոր չափանիշները, որոնք ընդունված են միջազգային պրակտիկայում և էապես նպաստում են Հայաստանում բիզնես կենտրոնների շինարարության չափանիշների զարգացմանը: Պատահական չէ, որ կենտրոնը Հայաստանում առաջին կառույցն է, որն արժանացել է աշխարհում «կանաչ» շինությունների էկոլոգիական գնահատման և դասակարգման բրիտանական առաջատար BREEAM (BRE Environmental Assessment Method) համակարգի հավաստագրին: «Կանաչ» շենքերի կառուցման ընթացքում օգտագործվում են շրջակա միջավայրի համար բացառապես անվտանգ նյութեր: Օգտագործվող շինանյութի որակն ու դիմացկունությունը ապահովում են կառույցի երկարակեցությունը, իսկ էներգախնայող համակարգերը թույլ են տալիս նվազեցնել կոմունալ ծախսերը մինչև 35%:

«Կամարն» իր այս առանձնահատկությամբ տարբերվում է Հայաստանում մյուս բոլոր բիզնես կենտրոններից: Կառույցը եզակի է նաև իր ճարտարապետական լուծումներով, տարբեր էլեմենտների ներդաշնակությամբ: Մեր նպատակն էր գերժամանակակից տարրերը համադրել հին երևանյան, հայկական ճարտարպետության հետ, և մինչև շինարարության մեկնարկը մեծ ժամանակ և ռեսուրս ենք հատկացրել կառույցի նախագծմանը», - նշեց Կազախեցյանը՝ հավելելով, որ բիզնես կենտրոնի տարածքների հիմնական մասն արդեն վարձակալվել է:

Միջացառման ընթացքում առաջին անգամ ցուցադրվեց «Կամար» բիզնես կենտրոնի նախագծման և կառուցման մասին պատմող, ինչպես նաև կառույցի հին շենքերի պատմությունը ներկայացնող ֆիլմը: Այնուհետև ԶԼՄ-ների ներկայացուցիչներին ուղեկցեցին դեպի բիզնես կենտրոնի թանգարանային անկյուն, որտեղ ցուցադրված էին Երևանի և Թբիլիսիի արխիվներից հավաքագրված նամակներ, փաստաթղթեր և լուսանկարներ՝ «Կամարի» սև շենքի, Գյուղատնտեսական բանկի շենքի մասին:

Ինչպես պարզվեց՝ արխիվային նյութերի ուսումնասիրության ընթացքում բացահայտվել է շենքի իրական ճարտարապետը՝ Միքայել Օհանաջանյանը, մինչդեռ մինչև վերջերս շենքի նախագիծը վերագրվում էր Բորիս Մեհրաբյանին:

«Կամարի» ամենաինքնատիպ նորարարական լուծումներից մեկը Green Lad ընկերության նախագծած «կանաչ» պատն է, որն աշխարհում ամենամեծերից է և ունի 20 մետր բարձրություն, ընդհանուր մակերեսը 160 քմ է, մեկ քմ-ի վրա տեղադրված է 32 բույս: Ուղղահայաց կանաչապատման այս լուծումը յուրահատուկ թարմություն ու բնական տեսք է տալիս շինությանը: Այն նաև զտում է օդը, ջեմամեկուսացնում և նվազեցնում աղմուկն ու շոգը՝ 8-10 աստիճանով: Անհրաժեշտ խոնավությունն ապահովելու համար պատի ներքևի հատվածում կառուցվել են փոքրիկ ջրվեժներ:

«Կամար» բիզնես կենտրոնը նաև իր գիրքն ունի, որտեղ ներկայացվում է շենքի պատմությունը: Այստեղ տեղ են գտել նաև բազմաթիվ մասնագետների՝ ճարտարապետների, պատմաբանների գնահատականներ կենտրոնի վերաբերյալ, ինչպես նաև հետաքրքիր փաստեր և երևանցիների հիշողություններ:

Շենքի առաջին երկու հարկում է գտնվում նաև Ամերիաբանկի նորաբաց «Կամար» մասնաճյուղը, չորս հարկում Ամերիաբանկի գլխամասային գրասենյակը:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---