Մնացականյան. Հուսով ենք՝ Գերմանիան շուտով կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

Մնացականյան. Հուսով ենք՝ Գերմանիան շուտով կվավերացնի ՀՀ-ԵՄ համաձայնագիրը

PanARMENIAN.Net - ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կարևորությունը ոչ միայն հարաբերությունների նոր իրավական հենք է, այլև կարևոր գործիք Հայաստանի համար՝ խրախուսելու բարեփոխումները և գործընկերությունը։ Այդ մասին հայտարարել է պաշտոնական այցով Բեռլինում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԳԴՀ Բունդեսթագի նախագահ Վոլֆգանգ Շոյբլեի հետ հանդիպմանը։

Զոհրաբ Մնացականյանը և Վոլֆգանգ Շոյբլեն գոհունակություն են հայտնել հայ-գերմանական խորհրդարանական ակտիվ համագործակցության կապակցությամբ և արժևորել հաստատված վստահելի փոխգործակցությունը։

Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է ԵՄ անդամ պետությունների կողմից համաձայնագրի վավերացման ուղղությամբ տեղի ունեցող զարգացումները՝ հույս հայտնելով, որ Գերմանիայի խորհրդարանը ևս մոտ ապագայում կվավերացնի համաձայնագիրը։

Նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանում տեղի ունեցած վերջին ներքաղաքական զարգացումները։ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի նոր կառավարության հանձնառությունը՝ կատարելու ժողովրդի կողմից իրեն տրված մանդատը՝ բարեփոխումների միջոցով առավել ամրապնդել ժողովրդավարական գործընթացները, օրենքի գերակայությունը, մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների պաշտպանությունը, արդարության ապահովումը և կոռուպցիայի դեմ անհաշտ պայքարը։ Գերմանիայի Բունդեսթագի նախագահը ողջունել է Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունների բացառապես խաղաղ բնույթը՝ Սահմանադրության և օրենքների շրջանակներում, հայտնում է ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Բունդեսթագի նախագահ Շոյբլեի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքական առաջնայնությունները, տարածաշրջանային և միջազգային խնդիրների և դրանց լուծման ուղիների շուրջ մոտեցումները։

Զոհրաբ Մնացականյանը Վոլֆգանգ Շոյբլեին ներկայացրել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումը՝ վերահաստատելով հայկական կողմի հանձնառությունը հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Բանակցային գործընթացի առաջմղման համար նախարարն ընդգծել է խաղաղությանը նպաստող մթնոլորտի ձևավորման անհրաժեշտությունը։

Հայաստանի և ԵՄ-ի միջև «Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին» համաձայնագիրը ստորագրվել է 2017թ. նոյեմբերի 24-ին, Բրյուսելում:Համաձայնագիրը վավերացրել են Լատվիան, Լիտվան,Էստոնիան:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---