// IP Marketing video - START// IP Marketing video - END

Փաշինյանը Փարիզում է. Ծաղկեպսակ է դրել Կոմիտասի արձանին, պարգևատրել Ջորկաեֆին

Փաշինյանը Փարիզում է. Ծաղկեպսակ է դրել Կոմիտասի արձանին, պարգևատրել Ջորկաեֆին

PanARMENIAN.Net - Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարական պատվիրակությունն աշխատանքային այցով Ֆրանսիայում է: Վարչապետն օդանավակայանից ուղևորվել է Փարիզի «Երևան» պուրակ, որտեղ ծաղկեպսակ է դրել Կոմիտասի հուշարձանին` հարգանքի տուրք մատուցելով Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Այնուհետև վարչապետ Փաշինյանն ընթրիք է ունեցել Ֆրանսիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնց թվում են եղել Ֆրանսիայի Ազգային ժողովի հայազգի պատգամավորներ, քաղաքական, հասարակական գործիչներ, գործարարներ, արվեստագետներ:

Իր խոսքում վարչապետը նշել է, որ այսօրվա միջոցառմանը ֆրանսահայության հռչակավոր զավակների ներկայացվածությունը խորհրդանշում է այն հնարավորություններ, որ այսօր բացվել են Հայաստանի Հանրապետության առջև:

«Ի՞նչ է տեղի ունեցել Հայաստանում, շատ պարզ մի բան. Հայաստանի քաղաքացին և հայ ժողովուրդը սկսել է հավատալ ինքն իրեն. առանցքային փոփոխությունը, որ տեղի է ունեցել` սա է: Կապ չունի, թե ով է իշխանություն և ով ընդդիմություն, Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ժողովուրդն է, և դրա մեջ որևէ չափազանցություն չկա: Այսօր ընդունել եմ Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ներկայացուցիչներին, որոնց հետ տեղի ունեցավ հետաքրքիր խոսակցություն. նրանց ասացի, որ Հայաստանի Հանրապետությունում ձևավորվում է կառավարման նոր համակարգ. դա ուղիղ ժողովրդաիշխանությունն է: Քանի որ այս արտահայտությունը թյուրըմբռնումների տեղիք է տալիս, ցանկանում եմ նշել, որ դա ասելով նկատի ունեմ հետևյալը. ՀՀ քաղաքացիներն ավելի կարևոր մասնակցություն պետք է ունենան երկրի կառավարմանը, մասնավորապես հանրաքվեների միջոցով: Կարծում եմ` Հայաստանում սկսվել է մի նոր գործընթաց, որը կտարածվի աշխարհում: Ուզում եմ հավատալ, որ հայ ժողովուրդը և Հայաստանը ստանձնել են մի դերակատարում, որն ունի գլոբալ նշանակություն, և ես կարծում եմ, որ հայ ժողովուրդն ունի ներուժ, պատմություն և հմտություն աշխարհում նոր համակարգերի ստեղծման ճանապարհին իր դերակատարումն ունենալու համար»,-ասել է վարչապետը, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը:

Նա հավելել է, որ տեսնելով ներկաներին, ուզում է հավատալ, որ պետությունը կլինի ժամանակակից քաղաքականության ոչ թե ետնաբեմում, այլ լիդերության իր չափաբաժինը կստանձնի:

«Հայ ժողովուրդն ունի այդ ներուժը և որպես քրիստոնեությունն առաջինն ընդունած ժողովուրդ` ես ավելի եմ հավատում այդ գաղափարին, որ մենք ունենք շատ ավելի լուրջ և մեծ պոտենցիալ: Մենք մեր ուժերը պետք է մեկտեղենք, և դրա արդյունքում է, որ Հայաստանում տեղի են ունեցել քաղաքական փոփոխությունները, որովհետև թավշյա հեղափոխությունը տեղի է ունեցել ոչ միայն Հայաստանի քաղաքացիների, այլև սփյուռքի գործուն մասնակցությամբ: Ի՞նչ նկատի ունեմ մասնակցություն ասելով. հստակ դիրքորոշում և տեսակետ արտահայտելն այս հարցում ամենահզոր գործոնն էր, որ կարող էր փոխել քաղաքական իրավիճակը Հայաստանում: Ինձ համար չափազանց կարևոր է տեղի ունեցածի հոգևոր, մշակութային և քաղաքական բովանդակությունը, որն ինչպես պարզվեց` պետք է միավորեր բոլորիս: Ես հավատում եմ, որ հայ ժողովուրդը նոր դերակատարման փուլ է մտել, և այդ նոր դերակատարումն առաջին հերթին ազատ և երջանիկ հայրենիք կերտելն է: Կարող եմ երաշխավորել, որ այսօր Հայաստանում բոլոր մարդիկ առանց բացառության հավասար են օրենքի առաջ: Երկրում որևէ մեկից որևէ բանով ավելի և պակաս չլինելն այն անկյունաքարն է, որի վրա վրա կառուցվում է մեր նոր իրականությունը»,-ասել է Փաշինյանը:

Մտքերի փոխանակության ընթացքում վարչապետը պատասխանել է ֆրանսահայ գործիչների տարբեր հարցերի, որոնք վերաբերել են Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններին, ժողովրդավարության զարգացմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, բիզնես միջավայրի բարելավմանը, ներդրումների ներգրավմանը և այլ թեմաների:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆին ՀՀ անկախության տոնի առթիվ պարգևատրել է Երախտագիտության մեդալով: Յուրի Ջորկաեֆը նշել է, որ իր համար մեծ պատիվ է արժանանալ նման պարգևի և հավելել, որ այն կկրի պատվով ու հպարտությամբ: «Հպարտ եմ լինել Հայաստանի ներկայացուցիչներից մեկը»,- ասել է Ջորկաեֆը:

Վարչապետի հետ հանդիպմանը, մասնավորապես, մասնակցել են Լիոնի քաղաքապետ Ժորժ Կեպենեկյանը, Փարիզի 9-րդ թաղամասի փոխքաղաքապետ Ալեքսի Գովճեանը, Ֆրանսիայի կառավարության նախկին անդամ Պատրիկ Դևեջյանը, Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, գործարարներ` Դանիել Քյուրքչյանը, Սերժ Չուրուկը, Վարդան Սրմաքեշը, Արմեն Պետրոսյանը, Ալեն Միկլին, Ֆրանսիայի կինոգործիչների միության նախագահ Ալեն Թերզյանը, աշխարհահռչակ ֆուտբոլիստ Յուրի Ջորկաեֆը և այլք:

 Ուշագրավ
Նա նաև շնորհակալություն է հայտնել բոլորին, ով աջակցել է նրան այս նախագիծը կյանքի կոչելիս
Հայկական արմատներ ունեցող ևս երեք գործիչ է մասնակցում ընտրույթուններին
Պաշտոնակատար է նշանակվել Վալերի Սեմերիկովը