Միքայելյանի «ասկոլկաները», Երանոսյանի «մեծահոգությունը» և «Ադրբեջանից ավելի վտանգավոր Փաշինյանը». Քարոզարշավ, օր 2-րդ

Միքայելյանի «ասկոլկաները», Երանոսյանի «մեծահոգությունը» և «Ադրբեջանից ավելի վտանգավոր Փաշինյանը». Քարոզարշավ, օր 2-րդ

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 27-ն արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի երկրորդ օրն է: Քաղաքական ուժերի հիմնական մասը դեռևս լիարժեքորեն չի մտել նախընտրական թոհուբոհի մեջ. փոխարենը կրքերը գնալով բորբոքվում են մի քանի ուժերի՝ «Իմ քայլը» դաշինքի, «Հայաստանի հանրապետական կուսակցության», «Սասնա ծռերի», մասամբ էլ «Հայ Յեղափոխական Դաշնակցության» շուրջ, որոնց ներկայացուցիչները քարոզարշավի երկրորդ օրը հիմնականում զբաղված են եղել տարբեր հարթակներից միմյանց հետ հեռակա բանավեճ ծավալելով: PanARMENIAN.Net ն ամփոփում է քարոզարշավի երկրորդ օրը:

«Սասնա ծռերը» տարակուսած են

Կուսակցությունն արձագանքեց ՀՀ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանի «չշշկռվելու» մասին հայտարարությանը՝ անվանելով այն «տարակուսելի» և «անհիմն»:

«Մեզ համար խիստ տարակուսելի է պարոն Փաշինյանի նման հայտարարությունը, ուստի հուսով ենք, որ նա առաջին իսկ առիթի դեպքում կպարզաբանի իր խոսքը: Մինչև այդ՝ վերահաստատում ենք մեր աջակցությունը Հեղափոխությանն ու նրա նպատակներին և շարունակում ենք պնդել, որ, մեր համոզմամբ, ներկայիս ընտրությունների պայմանները, մեր ազգի ու պետության առջև ծառացած մարտահրավերները և դրանցով պայմանավորված հասարակական-քաղաքական զարգացումների միտումները մոտավորապես 1,5-2 տարի անց հանգեցնելու են նոր արտահերթ ընտրությունների անհրաժեշտության», - ասաց կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Վարուժան Ավետիսկանը:

«ՔՈ»-ն բաժանեց մանդարիններ՝ այս անգամ Արաբկիրում

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը ընտարարշավի երկրորդ օրը նույնպես մանդարին բաժանեց անցորդներին՝ այս անգամ Արաբկիր վարչական շրջանում:

Փաշինյանը՝ «Միքայելյանի մարմնում ՀՀԿ-ականների քաշի չափ ասկոլկաների մասին»

Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին քննադատող ԼՂ ուժային կառույցների ներկայացուցիչներին, նախ հորդորեց չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել քիթը խոթել քաղաքականության մեջ:

Այսքանով սակայն Միքայելյանին քննադատողների մասին Փաշինյանի ելույթները չավարտվեցին. նա անդրադարձավ թեմային նաև Սպիտակում ընտրողների հետ հանդիպումների ժամանակ:

«Սասուն Միքայելյանը մի նախադասություն է ձևակերպել ու հետո պարզաբանել է այն: Բանը հասել է նրան, որ որոշ հանրապետականներ, «շուշանպետրոսյանա-արմենաշոտյաններ» Արցախյան ազատամարտը որոշել են պաշտպանել Սասուն Միքայելյանից: Ձեր քաշի չափ Միքայելյանի մարմնում ասկոլկա կա», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանն ավելի վտանգավոր է, քան Ադրբեջա՞նը

«Հայաստանի հանրապետական կուսակցության» համամասնական ցուցակի երրորդ համար Դավիթ Շահնազարյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ գործող իշխանությունն Արցախի համար «ավելի մեծ վտանգ է ներկայացնում, քան Ադրբեջանը՝ իր ամբողջ զինված ուժերով»:

Ուժի կիրառումն ու Լևոն Երանոսյանի «մեծահոգությունը»

Շահնազարյանը հայտարարեց, որ եթե Թավշյա հեղափոխությունն իրականացրած թիմը կարծում էր՝ նախկին իշխանությունն այնքան թույլ էր, որ չէր կարող ուժ կիրառել, սխալվում էր:

«Ի՞նչ է, Լյովա Երանոսյանը (ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյան-խմբ.) չէ՞ր կարող ուժ կիրառել», - ասաց նա:

Շահնազարյանը՝ «ՀՀԿ-ի երիտթևի նոր ներկայացուցիչ»

Փաշինյանը, Ստեփանավանում ընտրողների հետ հանդիպմանը պատասխանելով Շահնազարյանի՝ ԼՂ հարցի հետ կապված մեղադրանքներին, նրան ՀՀԿ-ի երիտթևի ներկայացուցիչ անվանեց:

«Սասնա ծռերից» խոստացան «լացացնել» Հունան Պողոսյանին

«Սասնա ծռեր» կուսակցության համամասնական ցուցակի երկրորդ համար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը քարոզարշավի ընթացքում հայտարարեց, որ ինքը «կլացացնի» ՀՀ Սյունիքի նորանշանական մարզպետ Հունան Պողոսյանին:

«Ես ՀՀ քաղաքացի եմ, կբերեմ նրան ԱԺ ամբիոնի մոտ ու կասեմ՝ դու ո՞ւմ ես վախեցնում՝ ի՞նձ, թե «Սասնա ծռերին»: ՀՀ քաղաքացիներին ոչ ոք իրավունք չունի նսեմացնելու, դադարել է այդ փուլը», - ասաց Գրիգորյանը:

Աշոտյանը դեռևս «չի ընկել դռնեդուռ»

«Հայաստանի հանրապետական կուսակցության» փոխնախագահ Արմեն Աշոտյանը քարոզարշավի մեկնարկին ասել էր՝ «դռնեդուռ է ընկելու»՝ հանդիպելու ընտրողներին: Երկրորդ օրն է՝ նա չի կատարել խոստումը:

Փաշինյանը հուսախաբ արեց Մարգարյանին՝ ՀՀ զենք մտնում է

Փաշինյանը Վանաձորում նախընտրական հանդիպման ընթացքում պատասխանեց «Հայ Յեղափոխական Դաշնակցության» բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի այն հայտարարությանը, թե «Թավշյա հեղափոխությունից ի վեր ՀՀ սպառազինություն չի մտել»:

«Քիչ է մնում ասեն՝ Հայաստանին մայիսից զենք չի մատակարարվել, հարձակվեք, դուք այդ կողմից, մենք այս: Հայաստանին զենքի մատակարումն ընթանում է բնականոն պլանավորված ձևով: Այս առումով ուզում եմ ձեզ հուսախաբ անել», - դիմելով Մարգարյանին՝ ասաց Փաշինյանը:

Ինչ ներդրումային ծրագրեր խոստացավ Փաշինյանը

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ներկայացրեց առաջիկայում Հայաստանում իրագործվելիք ներդրումային ծրագրերը: Փաշինյանը նշեց՝ մայրաքաղաք Երևանում երկու խոշոր գործարան է բացվելու: Նոր արտադրություններ են հիմնվելու նաև ՀՀ մյուս մարզերում:

«Լուսավոր Հայաստանը» քայլում է, քայլում է, քայլում...

«Լուսավոր Հայասատնը» շարունակում է քայլել Երևանում և ՀՀ տարբեր մարզերում, հանդիպել իր ընտրողների հետ:

«Մենքը» մտահոգ է հազարավոր պետաշախատողներով

«Մենք» դաշինքի ցուցակը գլխավորող Արամ Սարգսյանը հայտարարեց, որ տասնյակ հազարավոր պետական աշխատողներ իրենց աշխատանքի վայրում նստած չգիտեն՝ ընտրություններից հետո աշխատելու են, թե նոր եկած պաշտոնյան հանելու է։

Դաշինքը քարոզարշավը շարունակել է Թալինում:

Քրիստոնեա-ժողովրդականներն այսօր աղոթում էին

Հայաստանի Քրիստոնեա-ժողովրդական կուսակցությունը քարոզարշավի երկրորդ օրը սկսեց Սուրբ Հռիփսիմե եկեղեցում՝ աղոթքով:

Ծառուկյանի համար քարոզարշավը սկսվեց

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի համար քարոզարշավը սկսվեց նոյեմբերի 27-ից, նա հանդիպեց աբովյանցիների հետ:

«Մեր տնտեսության ֆումդամենտը փոքր ու միջին բիզնեսն է, և չի կարելի պետական բյուջեն կազմել՝ նրանց վրա հիմնվելով»,- ասաց նա:

Ծառուկյանը խոսեց նաև ներգաղթի համար պայմաններ ստեղծելու մասին:

Արթուր Բաղդասարյանը վստահեցնում է՝ «կարմիր է»

«Օրինաց երկիր» կուսակցությունը հրապարակեց կուսակցության նախընտրական հոլովակը, որտեղ կուսակցության առաջնորդ Արթուր Բաղդասարյանը «Մաֆիա» է խաղում՝ պնդելով, որ «կարմիր» խաղացող է: Նա նաև ակնարկելով «Հայաստանի Հանրապետական կուսակցությանը», ասում է, որ «նախորդ շրջանում վստահել է համար 1-ին, պարզվել է, որ «սև» էր»:

Ընթերցեք նաև՝ «Մի շշկռվիր, մտահոգվիր. Քարոզարշավ, օր 1-ին»:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---