S&P Global Ratings-ն Ամերիաբանկին շնորհել է B+/B վարկանիշ` «կայուն» հեռանկարով30 նոյեմբերի 2018 - 17:22 AMT PanARMENIAN.Net - Հեղինակավոր ամերիկյան S&P Global Ratings վարկանիշային գործակալությունն Ամերիաբանկին շնորհել է B+/B երկարաժամկետ և կարճաժամկետ վարկանիշ` «կայուն» հեռանկարով: Ամերիաբանկն առաջին հայկական ընկերությունն է, որ արժանացել է S&P վարկանիշի: Առայժմ S&P Global Ratings-ը չի շնորհել սուվերեն վարկանիշ Հայաստանի Հանրապետությանը: Ըստ S&P Global Ratings-ի` Հայաստանի սուվերեն վարկարժանությունն արտացոլում է բանկի վարկանիշի սահմանափակումները, այսինքն` Ամերիաբանկի սեփական վարկարժանության (stand-alone credit profile (SACP)) bb- գնահատականը մեկ քայլով ավելի բարձր է, քան երկարաժամկետ B+ վարկանիշը: Ամերիաբանկի վարկարժանությունն արտացոլում է Ամերիաբանկի` Հայաստանի խոշորագույն բանկի դիրքը և S&P Global Ratings-ի սպասումներն առ այն, որ բանկը կպահպանի առաջատարի դիրքը, իսկ կապիտալացման մակարդակը մոտակա 24 ամսում կավելանա շնորհիվ կայուն եկամտի: Վարկանիշի` մոտակա 12 ամսվա կայուն հեռանկարն արտացոլում է S&P Global Ratings-ի կանխատեսումներն առ այն, որ բանկի գործունեությունը և ֆինանսական ցուցանիշները նշված ժամանակահատվածում կայուն կլինեն շնորհիվ շուկայական ամուր դիրքի և Հայաստանի մակրոտնտեսական միջավայրի բարելավման: Ըստ S&P Global Ratings-ի` Հայաստանի բանկային հատվածը կայուն կլինի, առանց շուկայի նկատելի խեղաթյուրումների: Ճյուղային ռիսկի միտումը ևս գնահատվում է կայուն: S&P Global Ratings-ը վարկային ռիսկը համարում է Հայաստանի բանկային հատվածի վրա բացասաբար ազդող գործոն` հաշվի առնելով արտարժութային վարկերի, հատկապես ֆիզիկական և իրավաբանական անձանց տրամադրված չհեջավորված վարկերի ավելի բարձր կշիռը, քան համեմատելի երկրներում, և այն, որ Հայաստանի դատաիրավական համակարգը դեռ լիովին չի կայացել: S&P Global Ratings-ը Հայաստանի բանկային հատվածի տնտեսական ռիսկի միտումը գնահատում է կայուն: Գործակալությունը նաև նշում է, որ նախորդ 6 տարվա ընթացքում Ամերիաբանկն ունեցել է շահութաբերության լավ ցուցանիշներ, մասնավորապես` ակտիվների միջին եկամտաբերությունը կազմել է 1.4%, իսկ ծախսերի հարաբերությունը եկամտին 2017թ. վերջի դրությամբ կազմել է 40%, որը բավականին լավ ցուցանիշ է տեղական և արտասահմանյան բանկերի համեմատ: S&P Global Ratings-ի կարծիքով Ամերիաբանկը Հայաստանում առաջատար դիրքը պահպանելու լավ հնարավորություններ ունի` հաշվի առնելով բարենպաստ մակրոտնտեսական միջավայրը ու դրա բարելավումը, ինչպես նաև պրոֆեսիոնալ ղեկավարների թիմն ու մեծ կարողություն ունեցող վերահսկող բաժնետիրոջը, ով մեծ փորձ ունի բանկային և ֆինանսական ոլորտում: Ամերիաբանկը Հայաստանի դինամիկորեն զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ –ն ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Ըստ ամենաթարմ տվյալների՝ Ամերիաբանկը ՀՀ բանկային համակարգի առաջատարն է բոլոր հիմնական ֆինանսական ցուցանիշներով (ակտիվներ, պարտավորություններ, վարկային պորտֆել, զուտ շահույթ և կապիտալ): Բանկը բազմիցս արժանացել է հեղինակավոր միջազգային ֆինանսական կազմակերպությունների մրցանակների՝ Euromoney, The Banker և այլն: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |