«Մենք չգտանք կնոջ երեխային, իսկ նա մեզ իր վերջին կոմպոտը նվիրեց»․ Բրիտանացի փրկարարն` 88-ին Աղետի գոտի գործուղման մասին

«Մենք չգտանք կնոջ երեխային, իսկ նա մեզ իր վերջին կոմպոտը նվիրեց»․ Բրիտանացի փրկարարն` 88-ին Աղետի գոտի գործուղման մասին

PanARMENIAN.Net - 1988-ի դեկտեմբերին Անգլիայի Լանկաշիր կոմսության 23 հրշեջ-փրկարար ուղևորվեցին Սպիտակ՝ փլատակների տակ մնացած հայերին փրկելու նպատակով։ Սակայն կազմակերպչական թերացումների ու դեպի Հայաստան եկող մարդկանց ու բեռների ահռելի քանակի պատճառով, նրանք ուշացան և Սպիտակ հասան երկրաշարժից արդեն 5 օր անց։ Բրիտանացիների առաքելությունը՝ մարդկանց փրկելը, ստիպված փոխարինվեց, հիմնականում, փլատակների տակից զոհվածների մարմինները հանելով։ Մի քանի շաբաթ նրանք աշխատում էին փլատակների մեջ՝ մարդկանց վերադարձնելով իրենց զոհված հարազատների աճյունները։ Երկրաշարժից 30 տարի անց խմբից Փոլ Բյորնսն ու Ռեջի Բերին BBC-ի հետ վերադարձան Սպիտակ՝ վերհիշելու 88-ի դեկտեմբերը։

«Կանգնում էիր, ու շուրջդ՝ ավերակների ծով, տեղ-տեղ՝ փրկվածների փոքրիկ խմբակներ։ Մարդիկ հավաքվում էին խարույկների շուրջ, թափառում՝ ակնհայտ շոկի մեջ լինելով, -հիշում է Բյորնսը, - Նրանք անընդհատ մոտենում էին ինձ հարազատների լուսանկարները ձեռքին, ասում, որտեղ կարող են լինել նրանք»։

Բրիտանացիների մոտ հատկապես տպավորվել էր այն տոկունությունն ու արժանապատվությունը, որը դրսևորեցին սպիտակցիներն, ում հարազատներին նրանք հանում էին փլատակների տակից։

Շենքերից մեկը փլվել էր բանկի հերթի մեջ կանգնած մարդկանց վրա։ Բրիտանացիները մեկը մյուսի հետևից հանում էին զոհվածների մարմիններն ու դագաղները դնում։ Իրենց աշխատանքին մի աղջիկ էր հետևում։ «Մենք վերջացրինք գիշերվա երկուսին թե երեքին։ Աղջիկը մոտեցավ ու հարցրեց՝ չե՞նք կարող արդյոք բացել իր համար դագաղները, քանի որ նա որոնում է իր մայրիկին, - հիշում է Բյորնսը, - Երրորդ թե չորրորդ դագաղում նա գտավ իր մորը։ Նա պառկած էր դագաղում, փոքրիկ պայուսակով։ Տարիքով տիկին, ինչպիսիք կանգնում են բանկի հերթերում ողջ աշխարհով մեկ։ Եվ այս աղջիկը – նա հերթով գրկեց իմ բոլոր հրշեջներին։ Շնորհակալություն հայտնեց մեզ բոլորիս։ Նա այդքանն անելու ու՛ժ իր մեջ գտավ»։

Ռեջի Բերրին վերհիշում է, ինչպես էր աշխատում մի շենքի փլատակներում․ նկուղային հարկում մանկապարտեզ թե երաժշտական դպրոց էր։ «Մի կին շուրջօրյա նստած էր մեր կողքին, մինչև մենք մաքրում էինք փլատակները։ Նրա երեխային այսպես էլ չգտանք։ Բայց նա, միևնույն է, հրշեջներին կոմպոտի 2 թարա նվիրեց։ «Ասաց՝ «սա ամենն է, ինչ ես ունեմ։ Շնորհակալություն ձեզ, որ փորձեցիք օգնել ինձ»։

Սպիտակի երկրաշարժի ժամանակ Հայաստանին փրկարարներով, տեխնիկայով, դրամական և հումանիտար օգնությամբ ձեռք են մեկնել աշխարհի 111 երկիր բոլոր մայրցամաքներից։ Աշխատանքներին մասնակցել է նաև 20 հազար զինծառայող։

Փոլ Բյորնսը գործընկերների հետ 88-ից հետո այցելել է Հայաստան 12 անգամ՝ օգնություն բերելով հայաստանցի գործընկերներին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---