ՀՀ նախագահը պաշտոնական այցով ԱՄԷ կմեկնի

ՀՀ նախագահը պաշտոնական այցով ԱՄԷ կմեկնի

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հունվարի 14-ին պաշտոնական այցով կմեկնի Արաբական Միացյալ Էմիրություններ և միաժամանակ կմասնակցի «Աբու Դաբի կայունության շաբաթ» (Abu Dhabi Sustainability Week) ֆորումին:

Պաշտոնական այցի շրջանակում Հայաստանի նախագահը հանդիպումներ կունենա Արաբական Միացյալ Էմիրությունների բարձրագույն ղեկավարության հետ: Քննարկումների առանցքում կլինեն փոխշահավետ համագործակցության զարգացման օրակարգին առնչվող ընթացիկ և հեռանկարային հարցեր:

Հայաստանի նախագահը Աբու Դաբիում կմասնակցի միջազգային խոշորագույն՝ «Աբու Դաբի կայունության շաբաթ» ֆորումին, որի նիստերից մեկում հանդես կգա որպես գլխավոր բանախոս:

Ֆորումի բացմանը ներկա կլինեն 4000-ից ավելի մասնակից աշխարհի տարբեր երկրներից, այդ թվում՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ, դիվանագետներ, քաղաքական ու հասարակական գործիչներ, խոշոր ձեռնարկատերեր, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը:

«Աբու Դաբի կայունության շաբաթը» հեղինակավոր գլոբալ հարթակ է, որի շրջանակում հայտնի պետական, քաղաքական, հասարակական գործիչներ, անվանի փորձագետներ, նորարարներ, խոշոր կազմակերպությունների ներկայացուցիչներ ներկայացնում են կայուն ապագայի կառուցման վերաբերյալ իրենց տեսլականը, քննարկում սոցիալական, տնտեսական, տեխնոլոգիական այն հիմնական միտումները, որոնք ձևավորում են աշխարհի կայուն զարգացումը: Այս տարի «Աբու Դաբի կայունության շաբաթվա» հիմնական թեմաներից մեկը կլինի թվայնացման և նորարարական տեխնոլոգիաների միավորումը, դրա արդյունքում ստեղծվող նոր հնարավորություններն ու լուծումները, որոնք կարևոր դեր են խաղում տնտեսական աճը, կայուն զարգացումն ու բարգավաճումը խթանելու գործում:

Տարբեր ժամանակներում «Աբու Դաբի կայունության շաբաթվա» շրջանակում ելույթներ են ունեցել Ուելսի արքայազն Չարլզը, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, Նիդերլանդների թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրը, Ֆրանսիայի նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդը, ՄԱԿ-ի նախկին գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը և այլոք:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---