Ղուլյան. 2016-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՀՀ և Արցախի դիրքորոշումներն ավելի են կոշտացել

Ղուլյան. 2016-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո ՀՀ և Արցախի դիրքորոշումներն ավելի են կոշտացել

PanARMENIAN.Net - Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը, անդրադառնալով Սամվել Բաբայանի այն հայտարարությանը, թե 2017-ին Սերժ Սարգսյանն Արցախի իշխանությունների հետ բանակցել է զիջումների մասին, իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 2016-ին Սերժ Սարգսյանի հետ հանդիպումից հետո Երևանի և Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել:

«Խորհրդարանի ղեկավարի պաշտոնում իմ գործունեության ընթացքում չի եղել մի դեպք, երբ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման համատեքստում երբևէ Արցախի իշխանությունների հետ խոսեն պարտադրանքի լեզվով: Հետևաբար ինձ համար անհասկանալի են փաստերի բոլոր այն խեղաթյուրումները, որոնք այս օրերին հանրային հարթակ են նետվում 2020թ. Արցախում սպասվող ընտրությունների ֆոնին:

Ինչ վերաբերում է 2016թ. հուլիսին Ստեփանակերտում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ Արցախի քաղաքական ուժերի պատասխանատուների հանդիպմանը, ապա որպես դրա մասնակից՝ կցանկանայի անդրադառնալ մի կարևոր հանգամանքի:Թե ինչ է քննարկվել ՀՀ նախկին նախագահի հետ և որոնք էին հետևանքները, կարծում եմ՝ ակնառու է. դրանից հետո ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ թե՛ պաշտոնական Երևանի, և թե՛ Ստեփանակերտի դիրքորոշումներն ավելի են կոշտացել»,-ասվում է գրառման մեջ:

Ղուլյանը հավելել է, որ բազմիցս նշել է և այսօր էլ շարունակում է պնդել. տարածք՝ խաղաղության դիմաց, տարածք՝ կարգավիճակի դիմաց կամ տարածք՝ միջազգային երաշխիքների դիմաց սկզբունքներն անընդունելի են:

«Դավադրության տեսություն զարգացնելու փոխարեն խորհուրդ եմ տալիս շահագրգիռ անձանց մտածել հայկական կողմերի դիրքերն ամրապնդելու մասին»,-ասվում է գրառման մեջ:

Արցախի պաշտպանության նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2017 թվականին Արցախում հանդիպել է երկրի վերնախավի հետ և քննարկել է տարածքային զիջումների հարցը:Նա հորդորել է հարցեր տալ ԼՂ ԱԺ պատգամավորներ Ռազմիկ Պետրոսյանին և Արմո Ծատրյանին, թե ինչ է քննարկել նրանց հետ Սարգսյանը 2017 թվականին «դահլիճում հավաքված»։

Արցախի նախկին վարչապետ, պետնախարար Արայիկ Հարությունյանն, անդրադառնալով այդ հարցին, իր հերթին հայտարարել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սարգսյանն իր կառավարման տարիներին բանակցային գործընթացի վերաբերյալ միշտ էլ բաց է եղել Արցախի իշխանությունների հետ, և բոլոր հարցերը քննարկվել են փոխադարձ հարգանքի ու երկխոսության պայմաններում։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---