Նախագահը՝ Փարիզում. Այլընտրանքային էներգետիկան բիզնեսի հեռանկարային տեսակ է

Նախագահը՝ Փարիզում. Այլընտրանքային էներգետիկան բիզնեսի հեռանկարային տեսակ է

PanARMENIAN.Net - Հայաստանը հարուստ է վերականգնվող էներգիայի աղբյուրներով, և այլընտրանքային էներգետիկան բիզնեսի հեռանկարային տեսակ է ՀՀ համար։ Այդ մասին հայտարարել է աշխատանքային այցով Փարիզում գտնվող նախագահ Արմեն Սարգսյանը ֆրանսիացի հայտնի գործարար, Electricité de France ընկերության խորհրդի նախկին նախագահ և գլխավոր տնօրեն, Veolia Environnement ընկերության նախկին գործադիր տնօրեն Հենրի Պրոգլյոյի հետ հանդիպմանը։

Հանրապետության նախագահը հատկապես ընդգծել է այլընտրանքային էներգետիկայի ոլորտում առկա մեծ ներուժն ու համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունը:

Զրուցակիցները պայմանավորվել են, որ որպես առաջին քայլ, նշված ոլորտներում մեծ փորձառություն ունեցող գործարարն առաջիկա ամիսներին կայցելի Հայաստան՝ հնարավորություններին տեղում ծանոթանալու, քննարկումները շարունակելու և գործակցությանն առավել առարկայական ընթացք տալու համար։

Նախագահ Սարգսյանը և գործարարը քննարկել են բնապահպանության, էներգետիկայի, ջրային պաշարների արդյունավետ կառավարման ոլորտներում փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Մասրիկ-1» արևային էլեկտրակայանի կառուցման ծրագիրը, հնարավոր է, ընդլայնվի: Այդ հարցը քննարկվել է ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար, առաջին տեղակալ Գարեգին Բաղրամյանի և «Ֆոտովատիո Ռենյուաբլ Վենչրս Բի.Վի.» (Fotowatio Renewable Ventures B.V) ընկերության տնօրեն Նիկոլա Ֆասքուելի հանդիպմանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---