Քոչարյանի գիրքը հակասում է պաշտպանի՝ մարտի 1-ի զարգացումների մասին խոսքերին![]() 8 փետրվարի 2019 - 13:50 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 4-ին՝ Վերաքննիչ քրեական դատարանում Մարտի 1-ի գործով մեղադրյալ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի քննության ժամանակ, նրա փաստաբան Հայկ Ալումյանը լրագրողներին հայտնել է, որ Քոչարյանը միայն 2008 թվականի մարտի 1-ի առավոտյան է իմացել տեղի ունեցած իրադարձությունների մասին։ «Պարոն Քոչարյանն ասաց, որ երբ որ ինքն այդ օրը` 8 անց կեսի կողմերը եկել է աշխատանքի, նոր իր հատուկ կապով իրեն զեկուցել են, որ այդպիսի բան կա: Կրկնում եմ, որ երևի նախաքննական մարմինը ստուգել է, հաստատ տեսել է, որ պարոն Քոչարյանին պոստ ֆակտում են զեկուցել, և դրանից ելնելով էլ պարոն Քոչարյանին չի մեղսագրվել, որ առավոտվա իրադարձությունները ինքը հրահանգել է իրականացնել կամ իմացել է այդ գործողությունների նախապատրաստման մասին, ու թույլ է տվել, որ դրանք իրականանան», - ասել էր Ալումյանը։ Ilur.am կայքի փոխանցմամբ, Քոչարյանը բոլորովին հակառակի մասին է գրել իր՝ վերջերս լույս տեսած «Կյանք և ազատություն» գրքում, որտեղ անդրադարձ կա նաև Մարտի 1-ի դեպքերին: Գրքի 459-460 էջերում գրված է, որ վրանների զննության օպերացիան ոստիկությունը որոշել էր իրականացնել մարտի 1-ի վաղ առավոտյան: 2008-ի փետրվար ամսվա վերջին, ՀՀ նախագահի փետրվարի 19 ընտրությունների արդյունքներից դժգոհ քաղաքացիները՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ հանրահավաքներ ու նստացույց էին անցկացնում Ազատության հրապարակում: Մարտի 1-ի վաղ առավոտյան ոստիկանության աշխատակիցները Ազատության հրապարակում զենք, զինամթերք և մոլոտովյան կոկտեյլներ հայտնաբերելու պատրվակով ներխուժեցին հրապարակ, հարձակվեցին ցուցարարների վրա և ուժով ցրեցին նրանց: «Նախորդ օրվա երեկոյան ինձ մոտ ընդունելություն խնդրեց Պետական պահպանության ծառայության պետ Գրիշա Սարկիսյանը: Գրիշան ինձ հետ աշխատել է Ղարաբաղում՝ ՊՊԿ ղեկավարի պաշտոնում իմ նշանակվելու առաջին իսկ օրվանից: Լավ աշխատող և ինձ նվիրված անձնավորություն. նա այդ օրն ակնհայտորեն շփոթված էր: Ոստիկանությունից տեղեկանալով օպերացիայի մասին՝ նա հարցրեց՝ ի՞նչ պետք է անի, եթե Տեր-Պետրոսյանը հանկարծ հրապարակում լինի: Օրենքով Գրիշայի պարտականությունների մեջ էր մտնում պաշտոնաթող նախագահի անվտանգության ապահովումը: -Գրիշա, տես, թե ձեր կանոնակարգերում ինչ է գրված, և գործիր խստորեն համաձայն դրանց: -Այնտեղ գրված է, որ եթե պահպանվող օբյեկտի կյանքին վտանգ է սպառնում, ապա մենք պարտավոր ենք նրան անհապաղ էվակուացնել անվտանգ տարածք: Իսկ եթե նա հրաժարվի՞: -Իսկ այնտեղ նրա համաձայնության մասին որևէ բան գրվա՞ծ է: -Կարծես՝ ոչ: -Խորհուրդս՝ գործիր հրահանգներին խստորեն համապատասխան: Եվ տես՝ նախկին նախագահի հետ ոչինչ չպետք է պատահի», - գրված է գրքում։ Ավելի վաղ Հայկ Ալումյանը հայտարարել էր, որ Քոչարյանը տեղյակ չի եղել 0038 հույժ գաղտնի հրամանից, որով, ըստ մեղադրող կողմի, ՀՀ զինված ուժերը ներգրավվել են քաղաքական գործընթացներում, և տապալվել է սահմանադրական կարգը: Քոչարյանի պաշտպանը հայտարարել էր նաև, որ վերջինս տեղյակ չի եղել նաև, որ Մարտի 1-ի գործով մեկ այլ մեղադրյալ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը այդ պաշտոնում նշանակման պահին Ռուսաստանի Դաշնության քաղաքացի է եղել. ինչը ՀՀ սահմանադրության կոպիտ խախտում է: Հղումներ թեմայով. ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |