Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է իրանական գազի տարանցիկ երկիր լինել

Փաշինյան. ՀՀ-ն պատրաստ է իրանական գազի տարանցիկ երկիր լինել

PanARMENIAN.Net - Իրանի Իսլամական Հանրապետության թագավորական «Սաադաբադ» պալատում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հանդիպման ընթացքում քննարկվել է Իրանի կողմից Հայաստանին մատակարարվող գազի ծավալների մեծացման հարցը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ էներգետիկ ոլորտում հայ-իրանական գործակցությունը կարևոր է, ապա հավելել, որ Իրանի կողմից կա պատրաստակամություն մեծացնելու Հայաստանին մատակարարվող գազի ծավալները:

«Այստեղ, իհարկե, կարևոր է, որ հետագա քննարկումների և բանակցությունների ընթացքում կարողանանք ընդհանուր հայտարարի գալ գնի վերաբերյալ: Սա սկզբունքային կարևոր հարց է գործարքի գրավչության իմաստով: Եվ հույս ունենք, որ մեր ներկայացուցիչներն արդյունավետ բանակցություններ կվարեն այս ուղղությամբ», - ասել է վարչապետը:

ՀՀ վարչապետը նշել է, որ երկկողմ հարաբերությունները պետք է դիտարկվեն առավել լայն համատեքստում և իրականացվեն ծրագրեր, որոնք կունենան տարածաշրջանային նշանակություն:

«Հայաստանը պատրաստ է Իրանի հետ տարանցման գործակցություն ծավալել և լինել իրանական գազի տարանցիկ երկիր: Էներգետիկ միջանցքի ստեղծումը նույնպես կարևոր նշանակություն ունի թե երկկողմ, թե տարածաշրջանային առումով, թե ավելի ընդարձակ առումով: Այս հարցերի լուծման համար քաղաքական կամքը առկա է, պետք է հույս հայտնել, որ բանակցություններում գործնականացման պրոցեսը կիրականացվի հաջողությամբ: Այս պահին մեր ունեցած քննարկումները հիմք են տալիս ասելու, որ մեր այցը հաջող է ընթանում, և մենք փոխադարձաբար արձանագրում ենք, որ մեր գործողություններում պետք է ելնենք մեր բարեկամական հարաբերությունները և դրանց մթնոլորտը ուժեղացնելու տրամաբանությունից»,- ասել է Փաշինյանը:

Ընթերցեք նաև՝ «Ռոհանի. Իրանը մտադիր է մասնակցել Հյուսիս-հարավի ծրագրին»:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---