Մոգերինի. ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին

Մոգերինի. ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցել ՀՀ-ում բարեփոխումներին

PanARMENIAN.Net - ԵՄ-ն պատրաստ է շարունակել աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին, որոնք ուղղված են օրենքի գերակայության ամրապնդմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը, կոռուպցիայի դեմ պայքարի հաջողմանը, տնտեսական առաջընթացի ապահովմանը և մի շարք այլ ուղղություններով: Այդ մասին հայտարարել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բելգիայի Թագավորությունում է աշխատանքային այցով:

Ֆեդերիկա Մոգերինին ողջունել է ՀՀ վարչապետի այցը Բրյուսել` կարևորելով Հայաստանի հետ համագործակցության խորացումը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ Եվրոպական միությունը Հայաստանի վստահելի գործընկերն է, և ՀՀ-ում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններն էլ ավելի սերտացրին արժեքային ընդհանրություններ ունեցող Հայաստանի և Եվրամիության կապերը: ՀՀ կառավարության ղեկավարն ասել է, որ ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը գտնվում է բարձր մակարդակի վրա, ինչի մասին են վկայում բարձրաստիճան պաշտոնական փոխայցերը: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ կառավարությունը պատրաստ է շարունակել և էլ ավելի զարգացնել արդյունավետ գործակցությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով:

Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին, վիզաների ազատականացման գործընթացին, ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումներին ԵՄ աջակցությանը և երկկողմ գործակցության օրակարգին վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը և Ֆեդերիկա Մոգերինին մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացին: Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման կարևորությունը` այդ նպատակով միջազգային մանդատ ունեցող ձևաչափի` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահողների շրջանակում:

Աշխատանքային այցով Բելգիայում գտնվող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է նաև Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերի հետ: Անդրադառնալով ՀՀ-ին տնտեսական բարեփոխումներում աջակցությանը, Յունկերը հայտնել է, որ վարչապետը մեկ շաբաթ առաջ ԵՄ-ին է ներկայացրել ճանապարհային քարտեզ՝ 13 կոնկրետ ծրագրի մասին:

«Մենք եկանք համաձայնության, որ մեծ ուշադրություն պետք է դարձվի տնտեսական զարգացմանը, այսինքն՝ աջակցություն բիզնես հատվածին: Դրա համար մենք արդեն ստեղծել ենք մի արդյունք, այսինքն՝ եվրոպական փողերով տեղական բանկերը կարող են վարկեր տրամադրել փոքր և միջին ձեռնարկություններին և միկրո ընկերություններին՝ տեղական արժույթով, որպեսզի փոխանակման կուրսի ռիսկերը հանենք մեջտեղից: Սա տնտեսական մասով, բայց տնտեսությունը կարիք ունի գործող ենթակառուցվածքների: Դրա համար կապակցվածությունը շատ կարևոր է մեր օրակարգի մեջ, ինչը պահանջում է ներդրումներ ճանապարհների, երկաթգծի զարգացման համար: Եվ դա նաև պահանջում է գործող էլեկտրական ցանցեր, էլեկտրաէներգիայի փոխանցում, արտահանում և այլն», - եզրափակել է Յունկերը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---