Ամերիաբանկը $20 մլն-ին համարժեք դրամի վարկային պայմանագիր է կնքել

Ամերիաբանկը $20 մլն-ին համարժեք դրամի վարկային պայմանագիր է կնքել

PanARMENIAN.Net - Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկը (FMO) և Ամերիաբանկը կնքեցլ են $20 մլն-ին համարժեք դրամով վարկային պայմանագիր` ուղղված Հայաստանում «կանաչ» ծրագրերի և երիտասարդ անձանց ֆինանսավորմանը:

FMO-ն առաջին անգամ է Հայաստանում իրականացնում ՀՀ դրամով ֆինանսավորում սեփական միջոցների հաշվին:

7 տարի ժամկետով տրամադրվող վարկային միջոցներն ուղղվելու են վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող ծրագրերի ֆինանսավորմանը, ինչպես նաև մինչև 35 տարեկան անձանց առաջին անգամ բնակարանի ձեռքբերման, կրթության աջակցմանը կամ նրանց գերակշռող մասնակցությամբ իրավաբանական անձանց վարկերի տրամադրմանը:

«Բարձր ենք գնահատում մեր վաղեմի գործընկերոջ` Նիդերլանդների ձեռնարկատիրական զարգացման բանկի հետ արժեքավոր գործակցությունը, որի սկիզբը դրվել է դեռևս 2009 թ-ին: Շարունակելով արդյունավետ գործակցությունը` այս պայմանագրով մենք նոր հնարավորություններ ենք ստեղծում երկրի տնտեսության զարգացման և բնակչության բարեկեցության մակարդակի բարձրացման համար», - նշել է Ամերիաբանկի տնօրինության նախագահ-գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

Նրա խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի և էներգախնայող նախագծերի ֆինանսավորումը կնպաստի էներգետիկայի ոլորտի կայուն զարգացմանը` բարձրացնելով ձեռնարկությունների և բնակչության շրջանում էներգիայի սպառման արդյունավետությունը: Երիտասարդների համար նախատեսված ֆինանսավորման նոր հնարավորություններն էլ, ըստ Հանեսյանի, կնպաստեն երկրում ձեռներեցության զարգացմանը, բնակչության կենսամակարդակի բարձրացմանը:

«FMO-ն բարձր է գնահատում Ամերիաբանկի հետ տարիների արդյունավետ համագործակցությունը, որն ուղղված է Հայաստանի տնտեսության զարգացմանը: Տրամադրվող ֆինանսավորումն Ամերիաբանկին թույլ կտա շարունակել աջակցել վերականգնվող էներգետիկայի և էներգաարդյունավետության ոլորտում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև երիտասարդ ձեռներեցներին», - նշել է FMO-ի ներդրումների գծով տնօրեն Լինդա Բրոյքհուզենը:

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---