ՀԲ-ն $50 մլն-ի նոր վարկ կտրամադրի Հայաստանին

ՀԲ-ն $50 մլն-ի նոր վարկ կտրամադրի Հայաստանին

PanARMENIAN.Net - Համաշխարհային բանկը 50 միլիոն դոլարի նոր վարկ կտրամադրի Հայաստանին: Համաշխարհային բանկի գործադիր տնօրենների խորհուրդն այսօր հաստատեց 45.8 միլիոն եվրո (50 միլիոն ԱՄՆ դոլար) գումարով նոր վարկ՝ «Հայաստանի կառավարմանն ուղղված զարգացման քաղաքականության գործառնություն» (DPO) բյուջետային աջակցության ծրագրի համար, հայտնում է ՀԲ Երևանի գրասենյակը:

Ծրագիրն աջակցում է կառավարության՝ տնտեսական, հարկաբյուջետային և հանրային հատվածի կառավարմանը՝ բարելավելով մրցակցությանը, առևտրին միտված և որակի պարզեցված կարգավորումներն ու ընթացակարգերը, կատարելագործելով եկամուտների ներգրավման և հանրային ներդրումների արդյունավետությունը և հզորացնելով հակակոռուպցիոն նախաձեռնությունները և արդարադատության համակարգի ու քաղաքացիական ծառայության կատարողականը:

Նոր վարկավորումը հաջորդում է թույլ կառավարման և կոռուպցիայի դեմ 2018 թ. անցկացված համատարած բողոքի ակցիաներին, որոնց գագաթնակետը խաղաղ և պատմական «թավշյա» հեղափոխությունն էր: Նորընտիր կառավարությունը զինված փոփոխության իրականացման հզոր մանդատով առաջադրեց հնգամյա բարեփոխումների հավակնոտ ծրագիր, որի նպատակն է մրցակցության բարելավումը և տնտեսական աճի խթանումը՝ միաժամանակ բավարարելով ժողովրդի՝ լավ կառավարման, թափանցիկության բարձրացման, հաշվետվողականության և արդյունավետ հանրային ծառայությունների պահանջները:

«Սույն գործառնությամբ սահմանվում է կառավարման առանցքային բարեփոխումների, սկզբնական քայլերի առաջնահերթությունը, որոնք մի շարք ոլորտներում հիմք են ստեղծում երկարաժամկետ բարեփոխումների համար», – ասել է Սիլվի Բոսութղոն, Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարը:

«Այն խարսխված է կառավարության 2019-23 թթ. ծրագրի և բանկի 2019-23 թթ. երկրի հետ գործընկերության շրջանակի վրա, որն ընդգծում է կառավարումը որպես փոխհատվող հենք: Դրա առանցքում բարձր ռազմավարական նշանակությամբ, ազդեցությամբ և բարեփոխումների կայունությամբ ոլորտներն են, որտեղ այն կարող է օժանդակել ավելի խոր փոփոխությունների կառուցվածքային տարրերին»:

Շուկայական մրցակցության թիրախավորումն, օրինակ, իրականացվում է պետական աջակցության հսկողական համակարգի ներդրման, հարկային վարչարարության ավելի թափանցիկ և կանոնահենք համակարգի զարգացման, օրենքների և կարգավորումների որակի ու արդյունավետության բարձրացման և արդյունավետ ու ռիսկահենք մաքսային կառավարում սահմանող միջամտությունների միջոցով:

Հարկաբյուջետային կոնսոլիդացմանը և ծախսերի արդյունավետությանն օժանդակում են հարկային վարչարարության բարելավման և հանրային ներդրումների կառավարման ավելի ամբողջական համակարգի ստեղծման միջոցառումները: Հանրային հատվածի կառավարման բարելավումները կամրապնդվեն հակակոռուպցիոն միջոցառումների փաթեթին աջակցմամբ և արդարադատության ոլորտի և քաղաքացիական ծառայության կատարողականի կատարելագործմամբ:

«Բանկի համապարփակ գնահատմամբ պետական աջակցության հսկողական համակարգի բացակայության հարցը վեր հանվեց որպես Հայաստանում առողջ մրցակցության հիմնական խոչընդոտներից մեկը: Պետական աջակցության և խթանների տրամադրման հարցում մրցակցության չեզոքությունը խրախուսող միջոցները դեռևս ներդրված չեն մրցակցային դաշտի համահավասարեցման, շուկա ազատ մուտքի և ելքի խրախուսման և նախկինում որոշ ընկերություններին տրամադրած ոչ պաշտոնական առավելությունների պաշտոնականացված առավելություններով փոխարինումը կանխելու համար»,- ասել է Ժընվիեև Բուողուն, Համաշխարհային բանկի ծրագրային թիմի ղեկավարը:

Համաշխարհային բանկի՝ կլիմայի փոփոխության մեղմմանը և հարմարվողականությանն ուղղված գլոբալ պարտավորության շրջանակում սույն գործառնությամբ ևս աջակցություն կցուցաբերվի կլիմայի փոփոխության վրա նոր կարգավորումների ազդեցության գնահատմանը՝ կարգավորման ազդեցության գնահատման համակարգի իրականացման շրջանակում: Այսպես, այն քաղաքականություն մշակողներին կտա յուրաքանչյուր նոր կարգավորման՝ կլիմայի վրա ազդեցության քանակական և որակական գնահատմամբ իրազեկ որոշումներ կայացնելու և օրենսդրական ու կարգավորման փաթեթներում կլիմայի փոփոխությանը հարմարվելու և մեղմելու միջոցառումներն արմատավորելու հնարավորություն:

45.8 միլիոն եվրոն (շուրջ 50 միլիոն ԱՄՆ դոլարը) հաստատուն սպրեդով ՎԶՄԲ վարկ է՝ 14.5 տարի արտոնյալ և 25.5 տարի մարման ընդհանուր ժամկետով:

1992 թ. Համաշխարհային բանկին և 1993 թ. ՄԶԸ-ին անդամակցելուց ի վեր Հայաստանի նկատմամբ հանձնառությունների ընդհանուր գումարը կազմել է մոտավորապես 2,429,734 միլիոն ԱՄՆ դոլար:

 Ուշագրավ
Փաշինյանն անդրադարձել է նաև կապիտալ ծախսերի թերակատարմանը՝ նշելով, որ դա կապված է կոռուպցիայի դեմ պայքարի հետ
Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության ընթացիկ օրակարգին և դրա հետագա զարգացմանը վերաբերող հարցեր
Նա նշել է, որ պայմանագրերը լուծարվում են ամբողջությամբ, միակողմանի կերպով՝ հիմք ընդունելով դրանց համապատասխան դրույթները և ղեկավարելով Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքով
Ուդումյանի խոսքով՝ նվազագույն աշխատավարձի բարձրացումը բերելու է միջին աշխատավարձի աճի