Փոխվարչապետ. Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը գազը չի թանկանա

Փոխվարչապետ. Պայմանավորվածություն կա, որ մինչև ապրիլի 1-ը գազը չի թանկանա

PanARMENIAN.Net - Գազը մինչև 2020-ի ապրիլի 1-ը չի թանկանա, քանի որ ռուսական կողմի հետ պայմանավորվածություն կա սակագինը չբարձրացնելու վերաբերյալ: Ըստ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի՝ սահմանին գազի գինը նույն պայմանավորվածության շրջանակում չի թանկանա մինչև 2021-ի հունվարի 1-ը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։

«Պայմանավորվածություն կա նաև, որ մինչև ապրիլի 1-ը ոչ միայն սակագնի փոփոխություն չի լինի, այլև հայտ չի ներկայացվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով։ Այնուամենայնիվ, հիմա ընթանում են քննարկումներ, որոնք դեռ ամփոփված չեն։ Ըստ այդմ, այս պահին հայտ ներկայացնելու որևէ պատճառ ես չեմ տեսնում»,– ասել է Գրիգորյանը։

Իսկ ապրիլի 1-ից հետո արդեն փոխվարչապետը չի բացառել, որ «Գազպրոմ Արմենիան» գազի գնի վերանայման հայտ կներկայացնի։ Եվ դրա հիմնական բաղադրիչը, նրա խոսքով, կարող է լինել գազի մատակարարման համակարգում ներդրումների պահանջը։

«ՀՀ տարածքում գազի անվտանգ, անխափան և արդյունավետ մատակարարում կազմակերպելու և իրականացնելու համար անհրաժեշտ են ներդրումներ։ Դա բավականին քննարկվող և քննարկվելիք թեմա է, և հնարավոր է, որ դրա հետ կապված «Գազպրոմ Արմենիան» նոր ասելիքներ ունենա, և այդ դեպքում այդ հարցը բաց և թափանցիկ կքննարկվի»,– ասել է Գրիգորյանը՝ շեշտելով, որ գազի գնի վերանայման շուրջ այս պահին ռուսական կողմի հետ բանակցություններ չեն ընթանում, բայց ներդրումների հարցը քննարկվում է։

Փոխվարչապետի խոսքով՝ դեռ քննարկվելու է երկարաժամկետ կտրվածքով սակագին սահմանելու հարցը:

«Երբ խոսքը վերաբերում է երկարատև պայմանավորվածություններին, հայկական կողմը միշտպայման է առաջադրում բանաձև դնել գնագոյացման մեջ: Մի կողմից բանաձևային գնագոյացումը տալիս է հնարավորություն օգտվելու գազի ինքնարժեքի կամ բորսայական գների տատանումներից, մյուս՝ կանխատեսելիության խնդիրը շատ ավելի հարցական է դառնում: Ըստ այդմ, սա հարց է, որի շուրջ մտածում ենք»,- ասել է փոխվարչապետը, հայտնում է «ԳԱԼԱ»-ն:

Հունվարի 17-ին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը հայտնել էր, որ հնարավոր է, դիմի ՀԾԿՀ՝ գազի սակագնի վերանայման հարցով: ՀԾԿՀ ղեկավար Գարեգին Բաղրամյանը նշել էր, որ շուրջ $30 դոլարի ավելացման հարց է, սակայն դա չի նշանակում, որ հենց $30-ով էլ թանկացում է սպասվում։

2020-ին գազի սակագինը ՀՀ սահմանին 1000 խմ գազի դիմաց $165 է, 2019-ի հունվարի 1-ին գազի 1000 խմ-ը սահմանին արժեր $150։ Այժմ հայաստանյան սպառողները մեկ խորանարդ մետրի համար վճարում են 139 դրամ՝ մոտ $290 1000 խմ-ի համար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---