Տեղաշարժման թերթիկը՝ օնլայն. Առցանց լրացված ձևաթուղթն ընդունելի է

Տեղաշարժման թերթիկը՝ օնլայն. Առցանց լրացված ձևաթուղթն ընդունելի է

PanARMENIAN.Net - IT ընկերությունների ստեղծած օնլայն ձևաթուղթը կարող է փոխարինել արտակարգ դրության պայմաններում տնից դուրս գալիս պարտադիր լրացվող թղթին, PanARMENIAN.Net ի հարցին ի պատասխան ասաց Ոստիկանության պետի տեղակալ Հայկ Մհրյանը:

Նրա խոսքով՝ բոլոր ոստիկանները տեղեկացված են օնլայն ձևաթղթի մասին:

Այն հնարավորություն է տալիս տեղաշարժման թերթիկի համար պարտադիր բոլոր տվյալները լրացնել սմարթֆոնի միջոցով: Անձնական տվյալները համակարգում չեն պահպանվում:

Իր հերթին, ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է տեղաշարժման թերթիկի էլեկտրոնային մեկ այլ տարբերակի մասին, որը հասանելի է AC19.am կայքում:

«Ձեր տվյալներն այնտեղ լրացնելուց հետո կգեներացվի հատուկ էլեկտրոնային փաստաթուղթ (այն հնարավոր չի լինի խմբագրել), որից էլ ստուգման նպատակով մոտեցած ոստիկանը կստանա անհրաժեշտ տեղեկատվությունը»,- գրել է Ավինյանը:

Նա նշել է նաև, որ բացի կայքի ստեղծած հնարավորությունից՝ կարելի է նաև օգտվել հայկական ՏՏ ընկերությունների կողմից ստեղծված էլեկտրոնային հավելվածներից, եթե դրանք համապատասխանում են անձանց տեղաշարժի սահմանափակումների վերաբերյալ որոշմանը:

Հայկական X-Tech ընկերությունը, իր հերթին, ստեղծել է օնլայն ձևաթղթի հավելված՝ APP16: Այն ևս կարող է փոխարինել արտակարգ դրության պայմաններում տնից դուրս գալիս պարտադիր լրացվող թղթին:

Ընկերությունից հայտնել են, որ հավելվածը ստեղծվել է մեկ գիշերում, APP16 կոչվել, քանի որ պարտադիր տեղաշարժման թերթիկ ունենալու մասին պարետի որոշումը 16-րդն էր:

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Մարտի 25-ից երկրում 7 օրով գործում է քաղաքացիների տեղաշարժի սահմանափակում: Հայաստանում մարտի 28-ի առավոտվա դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 372-ի` նախորդ օրվա համեմատ ավելանալով 43-ով: Ապաքինվել է 28 անձ, մեկը մահացել է:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---