ԱԳՆ. Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները հավաքագրվում են

ԱԳՆ. Արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները հավաքագրվում են

PanARMENIAN.Net - ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոչ է անում Հայաստանի քաղաքացիներին նախապես ստուգել տարանցիկ թռիչքների առկայությունը: ԱԳՆ-ից հայտնում են, որ իրենք և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները հավաքագրում են արտերկրում գտնվող ՀՀ քաղաքացիների տվյալները և խնդիրները՝ գնահատելու և գործի դնելու աջակցության հնարավոր ուղիները։

Կորոնավիրուսի դեմ մղվող համաշխարհային պայքարի շրջանակում տարբեր երկրներ սահմանափակել են և շարունակում են սահմանափակել իրենց օդային տարածքի մուտքը և օդային հաղորդակցությունը, ինչի արդյունքում էապես բարդացել է ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի կազմակերպումը:

«ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունները մշտական կապի մեջ են արտերկրում գտնվող և դիվանագիտական ներկայացուցչությունների հետ կապ հաստատած մեր քաղաքացիների հետ, քայլեր են ձեռնարկվում վերջիններիս կողմից բարձրաձայնվող հարցերը հնարավորության սահմաններում լուծելու ուղղությամբ»,- ասվում է հայտարարության մեջ:

ԱԳՆ-ից հորդորում են արտերկրում գտնվող քաղաքացիներին պահպանել կապը տեղում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ, որպեսզի վերջիններս հնարավորությունների սահմաններում կարողանան ցուցաբերել համապատասխան աջակցություն։

«Արտերկրի մեր քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ ենք անում ստեղծված պայմաններում և այս ժամանակահատվածում հայրենիք վերադառնալու անհնարինության պայմաններում հետևել իրենց գտնվելու երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի համար տրվող հրահանգներին, իրականացվող միջոցառումներին, պահպանել հանգստություն՝ միևնույն ժամանակ սթափ գնահատելով իրադրությունը»,- ասված է ԱԳՆ հայտարարության մեջ։

ԱԳՆ-ից նշել են նաև, որ ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ այսուհետ ՌԴ օդանավակայաններից օտարերկրյա օդանավակայաններ և հակադարձ ուղղությամբ իրականացվող կանոնավոր և չարտերային ավիահաղորդակցության շրջանակում չեն իրականացվելու օտարերկրյա քաղաքացիների՝ օտարերկրյա պետություններ վերադարձն ապահովող չվերթները (այսպես կոչված՝ տարանցիկ թռիչքներ)։

ՀՀ-ում մարտի 16-ից մինչև ապրիլի 14-ն արտակարգ դրություն է՝ կորոնավիրուսի տարածումը կանխելու համար: Հայաստանում մարտի 29-ի առավոտյան կորոնավիրուսով վարակի դեպքերի թիվը հասել է 424-ի՝ նախորդ օրվա համեմատ, ընդհանուր առմամբ, ավելանալով ևս 52-ով: Բուժվել է 30 հիվանդ, մահվան 3 դեպք կա:

Առողջապահության նախարարությունում գործում է շուրջօրյա «թեժ գիծ» ծառայություն 8003 և «օպերատիվ զանգերի կենտրոն» 060838300 հեռախոսահամարներով:

Ընթերցեք նաև․ Կորոնավիրուսից խուսափելու համար խորհուրդներ` ԱՀԿ-ից

 Ուշագրավ
Նալբանդյանն ավելի վաղ համաձայնել էր տեսակապով զրուցելուն
Ըստ ԼՀԿ-ի՝ միջադեպը և դրան հաջորդած մեկնաբանությունները վկայում են կառավարող թիմի անհանդուրժողականության մասին
«Իմ քայլը» խմբակցության ղեկավարն իրենց անունից ներողություն է խնդրել միջադեպի համար
Քրեադատավարական գործընթացն արդեն սկսվել է, նախապատրասվում են նյութեր