ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցել

ՀՀ-ն ՌԴ-ին առաջարկում է սահմանին գազի գնի նվազեցման շուրջ բանակցել

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Կառավարության անունից Հայաստան մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ նոր բանակցություններ սկսելու նամակով դիմել է «Գազպրոմ» ՀԲԸ վարչության նախագահ Ալեքսեյ Միլլերին:

Փոխվարչապետը նշել է, թե ակնհայտ է՝ կորոնավիրուսի հետևանքները բացասական ազդեցություն կունենան երկրների սոցիալ-տնտեսական զարգացման վրա, ինչը կհանգեցնի էներգառեսուրսների սպառման ծավալի անկմանը:

«Մենք բոլորս հասկանում ենք, որ Հայաստանում գազի գինն այս իմաստով ունի մեծ նշանակություն: Մենք նաև հասկանում ենք, որ մեր երկրների բարեկամական հարաբերությունների մասշտաբներն ու մակարդակը թույլ են տալիս մեզ և պահանջում են մեզնից ժամանակին բարձրացնել և քննարկել մեր երկրների, այդ թվում՝ առևտրատնտեսական համագործակցության կայուն զարգացման համար համակարգային նշանակություն ունեցող հարցեր»,- նշվում է փոխվարչապետի նամակում:

Գրիգորյանի խոսքով՝ հաշվի առնելով կանխատեսումներն ու համաշխարհային շուկաներում էներգառեսուրսների, այդ թվում՝ նավթի և գազի գների հետ կապված ընթացիկ իրավիճակը, ՀՀ-ն նպատակահարմար է համարում սկսել նոր բանակցություններ երկիր մատակարարվող գազի գնի փոփոխության վերաբերյալ:

«Մասնավորապես, մենք պատեհաժամ ենք համարում Հայաստանի և Վրաստանի սահմանին հազար խորանարդ մետրի համար գազի գինը նվազեցնելու, ինչպես նաև գազի համար վճարումը ազգային արժույթով կատարելու վերաբերյալ կանոն սահմանելու հարցերի քննարկումը»,- գրել է փոխվարչապետը:

Մարտի 30-ին փոխվարչապետը չէր բացառել, որ գազի գնագոյացման մեխանիզմի հարցով բանակցություններ կլինեն: 2019 թվականի հունվարի 1-ից սահմանին Հայաստանը ՌԴ-ից գազը ստանում է հազար խորանարդ մետրի դիմաց $165 գնով՝ նախկին $150-ի փոխարեն։ ՀՀ-ում գազի սակագինը կազմում է 139 դրամ մեկ խորանարդի դիմաց:

 Ուշագրավ
Դրանով կառավարությունը ցանկանում է խրախուսել այն ընկերություններին, որոնք կարողացել են պահպանել աշխատատեղերը
«Ինժիներական ասոցիացիա» ՀԿ-ին տրամադրել 90 մլն դրամ՝ թոքերի արհեստական շնչառական սարքերի ստեղծման գաղափարների մասնագիտական ուսումնասիրության համար
Սիմոնյանի խոսքով՝ մի շարք ապրանքատեսակների ներմուծման մաքսատուրքերը կզրոյացվեն