ՄԽ համանախագահները կայցելեն Երևան և Բաքու դեկտեմբերի 12-13-ին

ՄԽ համանախագահները կայցելեն Երևան և Բաքու դեկտեմբերի 12-13-ին

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները պլանավորել են շաբաթ-կիրակի (դեկտեմբերի 12-13) այցելել Հայաստան և Ադրբեջան։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ֆիլիպ Ռիքերը:

Asbarez-ի փոխանցմամբ՝ Ռիքերն ասել է, որ իրենք մտահոգված են Լեռնային Ղարաբաղի պատերազմի հարցում Թուրքիայի դերակատարությամբ (օտարերկրացի զինյալների և զենքի մատակարարում) և շարունակում է հարցեր ունենալ պատերազմը դադարեցնելու նոյեմբերի 10-ի լույս գիշերվա համաձայնության շուրջ։ Նրա խոսքով՝ այս հարցերը Թուրքիայի և Ռուսաստանի հետ երկխոսության օրակարգում են։

Ըստ Ռիքերի՝ իրենք մնում են այն դիրքորոշմանը, որ այս հակամարտությունը ռազմական լուծում չունի և բանակցային գործընթացին նպաստելու համար համանախագահները կայցելեն Բաքու և Երևան։

ԵԱՀԿ Մինսկի համանախագահ երկրներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն և Ռուսաստանը։

Սեպտեմբերի 27-ից Արցախի դեմ Ադրբեջանը պատերազմ էր սանձազերծել՝ ահաբեկիչ-վարձկանների ու թուրքերի անմիջական աջակցությամբ։ Նոյեմբերի 10-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՌԴ ու Ադրբեջանի նախագահների հետ պատերազմի դադարեցման համաձայնության է եկել։ Ըստ դրա՝ Ադրբեջանը և Հայաստանը կանգ առան իրենց զբաղեցրած դիրքերում: Իսկ ՌԴ խաղաղապահները տեղակայվեցին ԼՂ շփման գծի երկայնքում և Հայաստանի հետ կապող միջանցքում: Պատերազմի ընթացքում հայկական կողմը տարածքային կորուստներ ունեցավ որոշ ուղղություններով, այդ թվում կորցրեց Շուշին։ Բացի այդ, ըստ եռակողմ հայտարարության, հայկական կողմը հետ քաշեց զորքերը Աղդամից, Քարվաճառից, Քաշաթաղից (Լաչինից)։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---