Փաշինյանը՝ Զարիֆին․ ՀՀ-ի առաջնահերթությունը գերիների վերադարձն է, հայտարարության այդ կետը պետք է կատարվի

Փաշինյանը՝ Զարիֆին․ ՀՀ-ի առաջնահերթությունը գերիների վերադարձն է, հայտարարության այդ կետը պետք է կատարվի

PanARMENIAN.Net - Հայաստանի համար կարևորագույն առաջնահերթություն է շարունակում մնալ ռազմագերիների վերադարձը, և հայկական կողմի ընկալումն այն է, որ նոյեմբերի 10-ի հայտարարության 8-րդ կետը պետք է կատարվի առանց նախապայմանների, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ հանդիպմանը։

Վերջինս նշել է, որ Իրանում հասկանում են Հայաստանի մտահոգությունները և պատրաստ են օժանդակել մարդասիրական ջանքերին:

Հունվարի 27-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարել է, որ ՌԴ, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ հետևողականորեն իրականացվում է։

«Մենք ձեզ հետ ունենք ընդհանուր տարածաշրջանային մտահոգություններ: Այդ հակամարտության հենց առաջին իսկ օրվանից և՛ ձեզ հետ, և՛ տարածաշրջանի այլ երկրների հետ միշտ կապի մեջ ենք եղել և ցանկանում ենք այդ կապը պահպանել՝ ունենալով համագործակցության հեռանկարներ: Ե՛վ երկկողմ, և՛ բազմակողմ ձևաչափով հնարավորություններ ունենք համագործակցելու, և լավ կլիներ այսօր միասին այդ հարցերի շուրջ քննարկումներ ունենանք»,-ասել է Զարիֆը։

Իրանի ԱԳ նախարարը վերահաստատել է իր երկրի դիրքորոշումը «ճգնաժամի վերաբերյալ». դա միջազգային իրավունքի պահպանումն է, ժողովուրդների պահպանումը, փոքրամասնությունների պահպանումը, ինչպես նաև տարածքային ամբողջականության պահպանումը և ուժի չկիրառումը:

ՀՀ վարչապետը և Իրանի ԱԳ նախարարը մտքեր են փոխանակել արցախյան պատերազմից հետո տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և զարգացումների շուրջ:

Վարչապետը նշել է, որ դեռևս չլուծված են մնում շատ հարցեր, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը, և Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում:

Փաշինյանը և Զարիֆն անդրադարձել են նաև երկկողմ հարաբերությունների օրակարգին և տնտեսական փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները կարևորել են տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը և վերագործարկումը, ինչը կնպաստի առկա տնտեսական ներուժի իրացման ծավալների ավելացմանը:

Բաքու, Մոսկվա այցելելուց հետո հունվարի 26-ի երեկոյան Զարիֆը ժամանել է Երևան։ Ըստ ծրագրի՝ հետո մեկնելու է Թբիլիսի, ապա՝ Անկարա։

 Ուշագրավ
Նա նշել է, որ այժմ միայն ինստիտուցիոնալ բարեփոխումներ և բովանդակային աշխատանք պետք է արվի
Նա նշել է, որ երկրների միջև ռազմատեխնիկական համագործակցությունը երկար ավանդույթ ունի
Նա չկար ՀՀ վերադարձած հայ գերիների թվում, թեև ավելի վաղ Ադրբեջանում հրապարակած ցուցակում նրա անունն ընդգրկված էր
Փաշինյանի հեռախոսազրույցը Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ
---