Հարությունյան․ Արցախն ապրում է իր պատմության ամենաբարդ շրջափուլերից մեկը

Հարությունյան․ Արցախն ապրում է իր պատմության ամենաբարդ շրջափուլերից մեկը

PanARMENIAN.Net - 1988 թվականի փետրվարի 20-ը հայ ժողովրդի տարեգրության մեջ է մտել որպես ազգային ոգու վերազարթոնքի, կուռ միասնականության ու անկոտրում կամքի խորհրդանիշ, որպես պայքարի ու մաքառման, վերակերտման ու արարման, կորստի ու հաղթանակների մի ամբողջ ժամանակաշրջանի սկիզբ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այդ օրից անցել է 33 տարի և այսօր արցախահայությունն ապրում է իր պատմության ամենաբարդ ու ծանրագույն շրջափուլերից մեկը, ապրում է՝ ճակատագրի հարվածներից կծկված ու մի բուռ դարձած, ցավից ատամներն ու բռունցքը սեղմած, ճիչը կոկորդում և արցունքն աչքերում անթեղած:

Ապրում է` իր մեջ վառ պահելով 88-ի ոգին ու գաղափարները, է՛լ ավելի վստահ ու հաստատակամ, որ իր ընտրած ուղին ճիշտ է ու անշրջելի, որ, առավել քան երբևէ, այսօր ինքը պետք է ապրի ու շենացնի հայրենի հողը, որը կրկնակի է սրբացել իր նորօրյա հերոսների արյամբ»,-ասվում է գրառման մեջ:

Հարությունյանը հավելել է նաև, որ հանուն մեր նահատակների, մեր երազանքների ու սերունդների՝ Արցախը կրկին կվերածնվի, կհառնի փլատակներից ու կշարունակի իր հավերժական ընթացքը:

«Մենք պարտավո՛ր ենք շարունակել Արցախյան շարժման արժեքաբանական պայքարը և լինել ավելի ուժեղ, ավելի զարգացած, կուռ ու միաբան՝ վճռականորեն պաշտպանելով մեր իրավունքներն ու ազատությունները, ազգային շահերն ու արժեքները, պատիվն ու արժանապատվությունը:

Սա է հայ ժողովրդի հարատևման ճանապարհը: Եվ թո՛ղ այդ ճանապարհին խաղաղությունն ու հաջողությունն ուղեկցեն մեր ժողովրդին ու հայրենիքին»,-ասվում է ուղերձում:

1988-ի փետրվարի 20-ին ԼՂԻՄ Ժողովրդական պատգամավորների խորհրդի արտահերթ նստաշրջանը որոշում կայացրեց՝ դիմելով Ադրբեջանի Գերագույն խորհրդին, նրա կազմից դուրս գալու մասին, և Հայաստանի Գերագույն խորհրդին՝ իր կազմում ընդգրկելու վերաբերյալ, իսկ ԽՍՀՄ-ին՝ այդ խնդրանքը բավարարելու կոչով, և հիմնված էր ԽՍՀՄ նման տիպի վիճահարույց հարցերի լուծման համար նախատեսված բոլոր իրավական նորմերի ու նախադեպերի վրա:

1988-ի փետրվարի 20-ին ղարաբաղյան ազգային ազատագրական շարժումը Արցախից հասավ Երևան. Թատերական հրապարակում հազարավոր մարդկանց մասնակցությամբ տեղի ունեցավ առաջին հանրահավաքը: Այն դարձավ Արցախյան շարժման հավաքների վայրը՝ հետագայում անվանափոխվելով Ազատության հրապարակի։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---