Human Rights Watch-ը հայտարարել է հայ գերիների հանդեպ ռազմական հանցագործությունների մասին

Human Rights Watch-ը հայտարարել է հայ գերիների հանդեպ ռազմական հանցագործությունների մասին

PanARMENIAN.Net - Ադրբեջանական ուժերն անթույլատրելի վերաբերմունք են դրսևորել 2020-ի աշնանը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների հետևանքով գերության մեջ հայտնված հայ ռազմագերիների հանդեպ։ Այդ մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ։

Նշվում է, որ նրանք դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի, ինչպես նաև խոշտանգումների են ենթարկվել ինչպես գերեվարելու պահին, այնպես էլ տեղափոխելիս և կալանավայրերում։

Հայտարարության մեջ ասվում է, որ Ադրբեջանի իշխանությունները պետք է հետաքննեն անթույլատրելի վերաբերմունքի մասին բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին։

«Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած բոլոր ռազմագերիներին և կալանավորված քաղաքացիական անձանց, տեղեկություններ հայտնի այն զինծառայողների և քաղաքացիական անձանց գտնվելու վայրի մասին, որոնց վերջին անգամ տեսել են ադրբեջանցիների մոտ»,-ասվում է հայտարարության մեջ։

«Հայ գերիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, այդ թվում խոշտանգումները, վրդովեցնում են և համարվում են ռազմական հանցագործություն։ Մտահոգիչ է նաև այն հանգամանքը, որ Բաքուն մինչ օրս տեղեկություններ չի հայտնում այն զինվորների մասին, որոնք անհետ կորել են, և որոնց գերվելու մասին կան տեղեկություններ»,-ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլյամսոնը

Human Rights Watch-ի ներկայացուցիչները զրուցել են 4 նախկին ռազմագեու հետ, որոնք մանրամասն պատմել են իրենց և այլ ռազմագերիների նկատմամբ անթույլատրելի վերաբերմունքի դրսևորումների մասին։ Նրանք բոլորը պատմել են երկար և պարբերաբար ծեծի ենթարկվելու մասին: Նրանցից մեկը հայտնել է, որ իրեն խոցել են սուր մետաղաձողով, մյուսը պատմել է իրեն էլեկտրահարելու մասին, մեկ ուրիշը՝ կրակայրիչով պարբերաբար հասցվող այրվածքների մասին: Նրանց, հատկապես գերության առաջին օրերին, պահել են նվաստացուցիչ պայմաններում՝ գրեթե զրկելով ջրից և կերակուրից։

«Բռնությունների և խոշտանգումների վերաբերյալ տեղեկությունները մտահոգություն են առաջացնում, որ դեռևս Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիները կարող են նոր խոշտանգումների ենթարկվել:

Ադրբեջանի իշխանությունները պետք է երաշխավորեն, որ հայ ռազմագերիների ու մյուս պահվող անձանց մարդու իրավունքներն ու հումանիտար իրավունքի միջազգային նորմերը պահպանվում են և նրանք չեն ենթադրում խոշտանգումների ու բռնությունների», - ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ։

Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ իր երկրում ռազմագերիներ չկան, նրանք բոլորը փոխանցվել են Հայաստանին։ Այդ հայտարարությամբ Ալիևը վերահաստատում էր նախկինում արած մեկ այլ հայտարարություն, որով ռազմագերիներին որպես ահաբեկիչ ու դիվերսանտ է ներկայացնում։

Հայկական կողմը հայտարարել է, որ Ադրբեջանում առնվազն 188 հայ կա գերության մեջ։

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---