ՄԽ նախկին համանախագահ․ Միայն ՌԴ-ն կարող է կարգավորել ԼՂ հարցը, բայց դա իր շահերից չի բխում

ՄԽ նախկին համանախագահ․ Միայն ՌԴ-ն կարող է կարգավորել ԼՂ հարցը, բայց դա իր շահերից չի բխում

PanARMENIAN.Net - Գոյություն ունի միայն մեկ երկիր, որն ի վիճակի է կարգավորել Լեռնային Ղարաբաղի հարցը, այդ երկիրը Ռուսաստանի Դաշնությունն է, հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ-ի նախկին համանախագահ, պաշտոնաթող դեսպան Ռիչարդ Հոգլանդը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։

«Եվ ոչ միայն ԼՂ հարցը, այլև Դոնբասը, Հրվ. Օսիան, Աբխազիան, Մերձդնեստրը։ Այս դեպքերից յուրաքանչյուրում, եթե ՌԴ-ն իրոք ցանկանա կարգավորման հասնել, հարցերը կկարգավորվեն։ Սակայն ՌԴ շահերից է բխում, որ այդ հարցերը չկարգավորվեն»,- ասել է նա։

Ավելի վաղ դեսպան Հոգլանդը հոդված է գրել ԼՂ հարցի, ՄԽ համանախագահների ու հետպատերազմյա իրավիճակի մասին։ Դեսպանը բացահայտել է բանակցային գործընթացի որոշ մանրամասներ։

Հոգլանդի խոսքով՝ անկեղծության պահին ռուսաստացի համանախագահ Իգոր Պոպովն իրեն խոստովանել է՝ Մոսկվան թույլ չի տա Ղարաբաղում խաղաղություն հաստատել, նույնիսկ եթե դա լինի Լավրովի պլանը։ Նա նշել է, որ դա 2017-ին է եղել, երբ ինքը ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահ էր։

«Այդ ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը մեզ ԼՂ կարգավորման մի ծրագիր ուղարկեց, որը բավականին մոտ էր Մադրիդյան սկզբունքներին։ Դրա հիման վրա մենք փորձում էինք վստահություն կառուցել, ու ի վերջո հասնել ինքնորոշմանը՝ ԼՂ ժողովրդի կողմից։ Երբ Լավրովը մեզ ուղարկեց այդ պլանը, որը շատ նման էր առկա ծրագրին, ես գտա, որ շատ հետաքրքիր է, որ նա ինքն իրեն ներգրավում է այսկերպ և հարցրի ռուսաստանցի գործընկերոջս՝ արդյոք Կրեմլը թույլ կտա, որ սա իրականացվի, եթե երկու կողմն էլ տա իր համաձայնությունը։ Ասենք այսպես՝ նա կասկած հայտնեց, որ ՌԴ-ն դա թույլ կտա իրականացնել։ Այսպիսով ինձ համար պարզ դարձավ, որ մեր մայրաքաղաքներում տեսակետները տարբեր են»,-ասել է նա։

Հոգլանդը նշել է, որ նախկինում եղել է ջենթլմենական պայմանավորվածություն, որ Մինսկի խմբի համանախագահ երկրներից որևէ մեկի խաղաղապահները ԼՂ-ում չեն տեղակայվելու, բայց այն փոխվել է։

«Գոյություն ուներ ջենթլմենական երկարատև պայմանավորվածություն, որ 3 համանախագահը չեն ուղարկելու խաղաղապահների այդ տարածք։ Սակայն հիշենք, որ այդ պատերազմի ժամանակ համանախագահ երկրներից յուրաքանչյուրը փորձեց խաղաղություն հաստատել։ Իրադարձությունների զարգացման և պատերազմի թեժացման պայմաններում ՌԴ-ն, կարծում եմ, օգտվեց հնարավորությունից, քանի որ նրանք կարող էին դա անել և դա իրենց շահերից էր բխում»,-նշել է նա։

ԵԱՀԿ Մինսկի խումբը գլխավորում է Արցախյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---