Մենենդես․ Բաքուն կշարունակի ագրեսիվ պահվածքը, եթե հստակ ուղերձ չստանա, որ դա անընդունելի է

Մենենդես․ Բաքուն կշարունակի ագրեսիվ պահվածքը, եթե հստակ ուղերձ չստանա, որ դա անընդունելի է

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը, Եվրոպայի և Եվրասիայի հարցերով պետքարտուղարի տեղակալի պաշտոնում Քարեն Դոնֆրիդի թեկնածության հաստատման լսումների ժամանակ ադրադառնալով ՀՀ-ում սահմանային իրավիճակին, հայտարարել է, որ Ադրբեջանը սահմանային հարցերի արդյունքում ներխուժել է Հայաստանի ֆիզիկական տարածք և կշարունակի իր ագրեսիվ պահվածքը, եթե հստակ ուղերձ չստանա, որ դա անընդունելի է։

Սենատորը նաև իր մտահոգությունն է հայտնել Բայդենի վարչակազմի կողմից «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումից հրաժարվելու վերաբերյալ, ասվում է Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ֆեյսբուքյան էջում։

Դոնֆրիդն արձագանքել է, որ եթե դա հաստատվի, ինքն այդ հարցի շուրջ սերտորեն կհամագործակցի Մենենդեսի և Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հետ:

«Շատ կարևոր է համոզվել, որ ցանկացած աջակցություն, որ տրամադրում ենք Ադրբեջանին, որևէ կերպ չի ազդում ուժերի հավասարակշռության վրա, և մենք հավատարիմ ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը»,- ասել է Դոնֆրայդը:

«Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղումն ԱՄՆ Կոնգրեսն ընդունել է 1992 թվականին Ադրբեջանի կողմից Հայաստանի շրջափակման պատճառով և նախատեսում է Ադրբեջանին միայն մարդասիրական օգնության տրամադրում: Ըստ այդ ուղղման ԱՄՆ կառավարությանն արգելվում է օգնություն ցուցաբերել Արդբեջանի պաշտոնական կառույցներին, քանի դեռ այդ երկիրը «ակնհայտ քայլեր չի ձեռնարկել ՀՀ և Լեռնային Ղարաբաղի դեմ բոլոր տեսակի շրջափակումների և ուժի կիրառման այդ հարձակողական ձևերի վերացման ուղղությամբ»։ Սակայն 2002թ․Կոնգրեսն ուղղում կատարեց 907-րդ բաժնում, որով թույլատրվում է նախագահի կողմից ակտի կասեցումը և ռազմական աջակցությունն Ադրբեջանին, ինչն էլ ամեն տարի անում է ԱՄՆ նախագահը։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---