ՄԻՊ․ Զորակոչիկի 1-ից ավելի հիվանդությունները պետք է առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ գնահատվեն

ՄԻՊ․ Զորակոչիկի 1-ից ավելի հիվանդությունները պետք է առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ գնահատվեն

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն առաջարկներ է ուղարկել ԱԺ Պաշտպանության հանձնաժողով և ՊՆ՝ նշելով, որ զորակոչիկի մեկից ավելի հիվանդությունները պետք է գնահատվեն ոչ թե առանձին-առանձին, այլ առողջության վրա ընդհանուր ազդեցությամբ։ Այդ մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

Նշվում է, որ օրենքի պատճառով զորակոչիկի մի քանի հիվանդությունները բժշկական հանձնաժողովը դիտարկում է առանձին-առանձին, չի գնահատում հիվանդությունների համակցված ազդեցությունն առողջության վրա: Արդյունքում, զորակոչիկները ճանաչվում են զինվորական ծառայության համար պիտանի՝ սահմանափակումով:

«Խնդիրն այն է, որ գործող օրենսդրության համաձայն՝ եթե զորակոչիկն ունի 5 և ավելի հիվանդություն (ծառայության համար սահմանափակում նախատեսող), ապա զինծառայությունից ստանում է տարկետում: Փաստորեն, գործող կարգավորումները նախատեսում են հիվանդությունների «քանակական փունջ, մինչդեռ կարևոր է, որ լինի նաև հիվանդությունների «որակական փունջ»։

Հիվանդությունների առանձին-առանձին գնահատման արդյունքում անձը զորակոչվում է զինվորական ծառայության։ Սակայն զորակոչվելու դեպքում հնարավոր է զինապարտի փաստացի առողջական վիճակը թույլ չտա լիարժեք կերպով կատարել պարտականությունները, և նույնիսկ մեծ հավանականություն կա, որ ծառայության ընթացքում դրանք ավելի կխորանան, կամ նույնիսկ անձը ձեռք կբերի հաշմանդամություն»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ նմանատիպ բողոքներ են ստացվում հատկապես զորակոչերի ընթացքում:

Նշվում է, որ կարևոր է ի սկզբանե ծառայության զորակոչել առողջ քաղաքացիների, իսկ որոշակի առողջական խնդիրների առկայության դեպքում հատուկ ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ դրանք լինեն համատեղելի ծառայության հետ և զինծառայողների համար չդառնան անհամաչափ բեռ:

Խնդիրը տարիներ շարունակ բարձրաձայնվել է Մարդու իրավունքների պաշտպանի կողմից ինչպես տարեկան հաղորդումներում, այնպես էլ ՊՆ և ԶՈւ ԳՇ իրավասու ստորաբաժանումների հետ քննարկումների ընթացքում:

Նշվում է, որ պետական մարմինները պարտավոր են առողջական վիճակի գնահատման այնպիսի մեխանիզմներ սահմանել, որոնց շնորհիվ հնարավոր կլինի պարզել, թե զորակոչիկի կամ զինծառայողի առողջական խնդիրների որակական համակցությունը արդյոք թույլ կտա պատշաճ իրականացնել զինվորական պարտականությունները և չի հանգեցնի առողջական խնդիրների վատթարացման:

ՄԻՊ-ին հասցեագրված բողոքներով արձանագրվել է մեկ այլ խնդիր նույնպես: Սահմանված չէ զինվորական ծառայությունից ազատելու հնարավորություն այն դեպքերի համար, երբ, օրինակ, 5-րդ հիվանդությունն անձը ձեռք է բերում ծառայության ընթացքում:

«Արդյունքում ստացվում է, որ նույն առողջական վիճակն ունեցող զորակոչիկներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրվում է, իսկ այն պարտադիր ժամկետային զինծառայողները, որոնց առողջական վիճակը վատթարանում է ծառայության ընթացքում, շարունակում են ծառայել:

Հետևաբար, անհրաժեշտ է նախատեսել, որ զինվորական ծառայության ընթացքում հինգերորդ հիվանդության ձեռքբերումն առնվազն հիմք է զինծառայողի պիտանիության վերանայման համար»,-ասվում է գրառման մեջ:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---