Ասկերանում տեղահանված բնակիչների համար 650 առանձնատուն կկառուցվի

Ասկերանում տեղահանված բնակիչների համար 650 առանձնատուն կկառուցվի

PanARMENIAN.Net - Արցախի Ասկերանի շրջանի Այգեստան և Նորագյուղ համայնքներում, որոնց վարչական տարածքներում կառուցվում են առանձին բնակավայրեր, մոտ 650 առանձնատուն կկառուցվի Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Հադրութի շրջանի Ազոխ և Դրախտիկ, Շուշիի շրջանի Քարին տակ, Ասկերանի շրջանի Ավետարանոց համայնքներից տեղահանված բնակիչների համար։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 10-ին հետևել է շինարարության մեկնարկին, տվել համապատասխան հանձնարարականներ։

Մոտ 650 առանձնատուն ունեցող բնակելի թաղամասերն ապահովված կլինեն բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքներով։ Առաջին բնակարանները պատրաստ կլինեն արդեն 2022 թվականին, իսկ շինարարությունն ամբողջությամբ նախատեսվում է ավարտին հասցնել 2023-ին։

Հարությունյանը շեշտել է, որ Արցախյան երրորդ պատերազմի հետևանքով տեղահանված բոլոր ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը գտնվում է պետության հատուկ ուշադրության կենտրոնում, և կառավարությունը ջանքեր չի խնայելու առավելագույնս կարճ ժամանակահատվածում այդ հարցին լուծում տալու ուղղությամբ։ ԱՀ նախագահն ընդգծել է, որ ի լրումն բնակարանաշինության ծրագրերին՝ պետությունն աջակցելու է նաև տեղահանված ընտանիքներին տնտեսական գործունեություն ծավալելու և սեփական եկամուտն ապահովելու հարցում։

Բնակավայրերի շինարարությունն իրականացվում է ԱՀ կառավարությանը ՀՀ կառավարության կողմից հատկացված ֆինանսական միջոցներով։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
---