Հայաստանը ԵԱՏՄ անդամներին առաջարկել է զբաղեցնել արգելված թուրքական ապրանքների տեղը

Հայաստանը ԵԱՏՄ անդամներին առաջարկել է զբաղեցնել արգելված թուրքական ապրանքների տեղը

PanARMENIAN.Net - Թուրքական ապրանքների ներմուծումն արգելելուց հետո Հայաստանի կառավարությունը դիմել է ԵԱՏՄ անդամ երկրների գործընկերներին` առաջարկելով դրանք փոխարինել իրենց ապրանքներով։ Այդ մասին հոկտեմբերի 11-ին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը։

«Մոտ 2350 անուն ապրանք տեղադրեցինք ԵԱՏՄ էլեկտրոնային հարթակում` զգուշացնելով, որ դրանց ներկրումը արգելված է, ու այդ ապրանքները նաև երրորդ երկրներից պիտի չգան Հայաստան, և խնդրեցինք մեր գործընկերներին` դուք տեսեք առաջինը, ինչ ունեք, արտադրեք, մենք այսքան ներմուծում ունենք, դուք բերեք միանգամից։ ԵԱՏՄ անդամ երկրներից որոշ արտադրողներ արձագանքել են մեր այս առաջարկին»,– հայտնել է փոխնախարարը, գրում է Sputnik Արմենիան։

Հանձնաժողովի անդամ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը օրինակ է բերել թուրքական արտադրության գործվածքների ներկրումը` միաժամանակ նշելով, որ Ռուսաստանում ոչ պակաս որակյալ տեքստիլ արտադրություն կա։

«Հիմա մենք գիտենք, որ ՌԴ–ն շատ լավ կտորներ է արտադրում։ Հայաստանում կարող են այդ կտորներով ապրանքներ արտադրել։ Այս տեխնիկական խնդիրն ո՞վ է կատարելու, որ մեր կառույցների հետ բանակցի, ռուսական կտորի իրացման խնդիրը լուծի, այստեղ արտադրված ապրանքը փոխարինի երրորդ երկրներից եկողին»,– հարցրել է պատգամավորը։

Սիմոնյանը վստահեցրել է, որ էկոնոմիկայի նախարարությունն արդեն զբաղվում է այդ հարցով, բացի այդ, ԵԱՏՄ շրջանակում ստեղծվել է արդյունաբերական կոոպերացիա, որը ևս նման պարտավորություն ունի։

2020-ին ընդունված որոշմամբ` Հայաստանում թուրքական ապրանքների 6-ամսյա արգելքն ուժի մեջ է մտել 2021թ–ի հունվարի 1-ից։ 2021թ–ի հունիսի 26-ի նիստում կառավարությունը ևս վեց ամիս ժամկետով երկարաձգեց թուրքական ապրանքների ներմուծման արգելքը։

Գործող արգելքի ժամկետն ավարտվում է 2022թ–ի հունվարի 1-ից։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---