Բայրամով․ Սատարում ենք Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

Բայրամով․ Սատարում ենք Անկարայի և Երևանի հարաբերությունների կարգավորմանը

PanARMENIAN.Net - Բաքուն լիովին սատարում է Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը տարեվերջյան ասուլիսում։

«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ կողմ է հարաբերությունների կարգավորմանը և խաղաղ պայմանագրի կնքմանը Հայաստանի հետ։ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իր երկիրը բոլոր իր գործողությունները համակարգում է Ադրբեջանի հետ»,-ասել է նա, գրում է Haqqin.az-ը։

Բայրամովը հավելել է, որ եթե խոսքը երկրների միջև հարաբերությունների կարգավորման մասին է, ապա դա պետք է տեղի ունենա միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին համապատասխանող հիմքով։

«Մենք այս հիմքով զարգացնում ենք հարաբերությունները մեր հարևանների հետ։ Նախկինում բացառություն էր միայն Հայաստանը, իսկ այժմ մենք առաջարկել ենք Երևանին հարաբերությունները կառուցել միջազգային իրավունքի հիման վրա»,-ասել է Բայրամովը:

Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչների առաջին հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Վահան Հունանյանն իր հերթին հայտարարել է, որ այս պահի դրությամբ հանդիպման ժամկետի վերաբերյալ պայմանավորվածություն չկա։ Նա հավելել է, որ քննարկվում է հանդիպումը Մոսկվայում անցկացնելու հնարավորությունը։

Չավուշօղլուն, անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացին, ասել էր, որ Ադրբեջանը միշտ անուղղակի կերպով կլինի այդ գործընթացի մեջ:

 Ուշագրավ
Մշակվում է Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախգիծը
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
---