Միրզոյան․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն առանցքային դեր է խաղում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման գործում

Միրզոյան․ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունն առանցքային դեր է խաղում ԼՂ խնդրի համապարփակ կարգավորման գործում

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Չեխիայի ԱԳ նախարար Յան Լիպավսկիի հետ հանդիպման ավարտին ունեցած իր ելույթում հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում ԼՂ հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։

«Հայաստանն ու Չեխիան փոխշահավետ համագործակցություն ունեն նաև բազմակողմ ձևաչափերում՝ ներառյալ ՄԱԿ-ում, ԵԱՀԿ-ում, Եվրոպայի խորհրդում։ Սա մեծապես լրացվում է Հայաստան-Եվրամիություն համագործակցությամբ՝ իր հիմնաքարային՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

․․․Այսօր մենք մանրամասն քննարկել ենք նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր, անդրադարձել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին։

Նախարար Լիպավսկիին ներկայացրել եմ Հայաստանի դիրքորոշումն ու ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ, որտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը առանցքային դեր է խաղում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ և տևական կարգավորման հասնելու գործում։ Այս կապակցությամբ իմ երախտագիտությունն եմ հայտնում չեխական կողմին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերին և դերակատարությանը շարունակական աջակցության համար։

Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցումից մոտ երկու տարի անց հումանիտար խնդիրները մնում են չլուծված։ Ադրբեջանը շարունակում է պատանդառության մեջ պահել հայ ռազմագերիներին և քաղաքացիական անձանց՝ օգտագործելով նրանց որպես քաղաքական գործիք։ Խիստ մտահոգիչ է նաև Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության ոչնչացման, պղծման քաղաքականությունը։ Այս առումով միջազգային հանրությունից ակնկալում ենք հասցեական արձագանք և գործնական քայլեր»,-ասել է նախարարը։

Նա նաև նշել է, որ ուժի կիրառման և մարդու իրավունքների զանգվածային խախտումների հետևանքով ստեղծված իրողությունները չեն կարող կայուն հիմք ստեղծել տարածաշրջանում խաղաղության և անվտանգության համար։

Միրզոյանը հավելել է նաև, որ Հայաստանը բազմիցս հայտարարել է նախապայմաններից և ռազմատենչ հռետորաբանությունից զերծ կառուցողական երկխոսության իր պատրաստակամության մասին՝ հանուն մեր տարածաշրջանում կայուն խաղաղության և զարգացման։

Պատասխանելով այն հարցին, թե ի՞նչ ազդեցություն ունեն Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Հայաստանի վրա՝ Միրզոյանն ասել է․ «Իհարկե, Ռուսաստանի դեմ պատժամիջոցներն իրենց ուղղակի կամ անուղղակի բացասական ազդեցությունն ունեն Հայաստանի տնտեսական զարգացման և, ընդհանուր առմամբ, տարածաշրջանում տնտեսական իրավիճակի վրա: Ուստի մենք փորձում ենք գտնել կարճաժամկետ և միջնաժամկետ լուծումներ և մեխանիզմներ՝ այս մարտահրավերները հասցեագրելու, և հնարավորության դեպքում, չեզոքացնելու համար: Հուսով եմ, որ մենք կհաջողենք այս գործընթացում»:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---