Էրդողան․ Եթե ՀՀ-ն «ճիշտ ընկալի զարգացումները և պատասխանի Բաքվի և Անկարայի անկեղծ կոչերին», կայունություն կհաստատվի

Էրդողան․ Եթե ՀՀ-ն «ճիշտ ընկալի զարգացումները և պատասխանի Բաքվի և Անկարայի անկեղծ կոչերին», կայունություն կհաստատվի

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Անկարայում Դեսպանների 13-րդ համաժողովում ասել է, որ եթե Հայաստանը «ճիշտ ընկալի զարգացումները և պատասխանի Բաքվի և Անկարայի անկեղծ կոչերին», տարածաշրջանում կայունություն կհաստատվի։

«Հայաստանի հետ հատուկ ներկայացուցիչների միջոցով մեր սկսած բանակցությունները շարունակվում են: Վարչապետ Փաշինյանի՝ Կուրբան բայրամի առիթով կատարած հեռախոսազանգի ժամանակ շատ կառուցողական խոսակցություն անցկացրեցինք: Հավատում եմ, որ Հայաստանի՝ զարգացումները ճիշտ ընկալելու, Ադրբեջանի և Թուրքիայի անկեղծ կոչերին պատասխանելու դեպքում մեր տարածաշրջանը կարճ ժամանակահատվածում կայունության կհասնի»,- ասել է Էրդողանը, գրում է Ermeniahber-ը։

Թուրքիայի նախագահի խոսքով «Ադրբեջանի՝ օկուպացված հողերը վերադարձնելու գործընթացը» ցույց է տվել, որ առանց գետնի վրա ուժեղ լինելու, սեղանի վրա ձեռքբերումներ ունենալը դժվար է: Էրդողանը հերթական անգամ կրկնել է 30 տարի հարցի չլուծված մնալու և միայն ադրբեջանական բանակի «հերոսական պայքարի» շնորհիվ լուծվելու մասին իրենց թեզերը:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ ձեռք բերված համաձայնություններով Հարավային Կովկասում նոր ժամանակաշրջան է սկսվել, իրենք էլ մեծ ջանք են գործադրում, որ այդ պատմական հնարավորությունը չկորսվի:

«Մինչև այսօր Ադրբեջանի հետ սերտ խորհրդակցություններ անցկացնելով՝ մի շարք քայլեր ենք կատարել: Չնայած հայկական ռադիկալ շրջանակների սադրանքներին՝ կարևոր տարածություն ենք անցել Կովկասում տևական խաղաղության ճանապարհին»,-ասել է նա։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հուլիսի 11-ին։ Հայաստանի վարչապետը շնորհավորել է Թուրքիայի նախագահին Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ։

Ղեկավարներն ընդգծել են երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման երկկողմ գործընթացի կարևորությունը, ինչը կնպաստի նաև տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը։Այս համատեքստում նրանք ակնկալիք են հայտնել, որ հուլիսի 1-ին իրենց երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները շուտ կյանքի կկոչվեն:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---