Միրզոյանն ու Բայրամովը խոսել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին

Միրզոյանն ու Բայրամովը խոսել են Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման մասին

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումը, որի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկու երկրի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում` Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։

Միրզոյանը վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը։

ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի ԶՈւ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։

Դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։

Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների, Բայրամովն առաջարկել է սահմանազատման հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել հոկտեմբերին, ոչ թե նոյեմբերին, ինչպես նախատեսված է։

ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների նախորդ հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 19-ին ԱՄՆ-ում։ Նյու Յորքում Միրզոյանն ու Բայրամովը հանդիպել են ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---