27 դեկտեմբերի 2022 - 15:29 AMT
Փաշինյանը՝ Պուտինին․ Լաչինի միջանցքն արդեն 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման մեկնարկին ասել է, որ Լաչինի միջանցքն արդեն 20 օր է՝ ռուս խաղաղապահների վերահսկողության տակ չէ, և անհրաժեշտ է խնդրի լուծման ուղիներ որոնել։

«Տվյալ պահին գլխավոր հարցը Լաչինի միջանքում ստեղծված ճգնաժամն է։ Գիտեք, որ Լաչինի միջանցքն արդեն գրեթե 20 օր է՝ փակ է»,-ասել է Փաշինյանը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հիշեցրել է, որ դա ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտին է Լեռնային Ղարաբաղում։

«Ուզում եմ հիշեցնել, որ եռակողմ հայտարարության համաձայն՝ Լաչինի միջանցքը պետք է գտնվի ռուս խաղաղապահների հսկողության տակ, իսկ Ադրբեջանը երաշխավորում է ուղևորների, բեռների, մարդկանց անարգել անցումը: Հիմա ստացվում է, որ Լաչինի միջանցքը չի վերահսկվում ռուս խաղաղապահների կողմից։ Անշուշտ, ցանկալի է քննարկել այս իրավիճակը, թե հանգուցալուծման ինչ տարբերակներ կան»,-ասել է նա։

Ավելի վաղ Փաշինյանն ասել էր, որ ռուս խաղաղապահները չեն կատարում Ադրբեջանի կողմից արգելափակած Լաչինի միջանցքը վերահսկելու իրենց պարտավորությունները։ Դեկտեմբերի 26-27-ը Սանկտ Պետերբուրգում ՌԴ նախագահի նախաձեռնությամբ կազմակերպվել է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպումը։ Գագաթնաժողովին մասնակցում է նաև Ադրբեջանի ղեկավար Իլհամ Ալիևը,

Դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքի Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ կրկին բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Դեկտեմբերի 13-ին Ադրբեջանը նաև փակել էր գազի մուտքը Լեռնային Ղարաբաղ, որի մատակարարումը վերականգնվել է դեկտեմբերի 16-ի առավոտյան։