Վարդանյան․ Չգնահատեցինք խաղաղապահների գործողությունները, որոնք 1-ին օգնություն էին ցուցաբերել տղաներին ու դադարեցրել կրակը

Վարդանյան․ Չգնահատեցինք խաղաղապահների գործողությունները, որոնք 1-ին օգնություն էին ցուցաբերել տղաներին ու դադարեցրել կրակը

PanARMENIAN.Net - «Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի գրասենյակը տարածել է նրա հայտարարությունը, որտեղ նա նշում է, որ Արցախը հիմա կանգնած է չափազանց լուրջ մարտահրավերների առաջ և այլ ճանապարհ չկա, քան դրանց արժանապատվորեն դիմակայելը։

Նա նշել է, որ բավարար չափով չգնահատեցինք մեր տղաներին, որոնք արժանի հակահարված տվեցին ադրբեջանական ահաբեկչությանը, ինչպես նաև ռուս խաղաղապահների գործողությունները, որոնք առաջին օգնությունն էին ցուցաբերել տղաներին ու դադարեցրել կրակը։

«Այս բարդ իրավիճակում անընդունելի եմ համարում պառակտողական օրակարգերի, տարբեր լղոզված ձևակերպումների բարձրաձայնումը, որովհետև ավելի քան համոզված եմ, որ մենք կարող ենք, մենք ի վիճակի ենք, մենք բավարար ուժ ունենք պահպանելու Արցախը, մեր սերունդներին փոխանցելու Անվտանգ, Ազատ, Արժանապատիվ, Հայկական Արցախ: Առաջնորդների խնդիրը պետք է լինի ժողովրդին համախմբել գաղափարի ու մեր Միակ նպատակի շուրջ, ոգեշնչել, սեփական ուժերի նկատմամբ հավատ ու վստահություն ներշնչել, քանի որ դժվար է հաղթել այն ժողովրդին, որը դիմակայում է ոգով ու կամքով: Ու հենց այդ ոգին ու կամքն էր, որ մեր տղաներին մղեց արժանի հակահարված տալ մարտի 5-ին ադրբեջանական ահաբեկչական գործողություններին:

Երեկ լրացավ մեր ընկած տղաների մահվան 7-րդ օրը: Ես սգում եմ նրանց կորուստը, բայց կարծում եմ, որ նրանց հոգեհանգստի ու հուղարկավորության ժամանակ պետք է գերակայեին, ոչ թե ընկճվածության ու սգի, այլ միավորվելու ու կուռ բռունցք դառնալու տրամադրությունները: Նրանք մեզնից դա էին պահանջելու:

Մենք բավարար չափով չգնահատեցինք, մեր հարգանքն ու երախտագիտությունը չհայտնեցինք մեր այն կենդանի հերոսներին, որոնք արագ կերպով արձագանքեցին ադրբեջանական ահաբեկչությանը, կանգնեցին ոստիկանության տղաների թիկունքին ու արժանի հակահարված տվեցին հակառակորդին՝ իրենց այդ արարքով ցույց տալով, թե ինչպես պետք է մեզ դրսևորենք:

Մենք չգնահատեցինք նաև ռուս խաղաղապահների գործողությունները, որոնք առաջին օգնությունն էին ցուցաբերել մեր տղաներին ու դադարեցրել կրակը, ճշգրիտ տեղեկատվություն էին հաղորդել իրադարձությունների մասին, ինչն այս իրավիճակում չափազանց կարևոր էր: Փոխարենը նրանք անգամ հակառուսական ակցիաների թիրախ դարձան:

Գաղափարը, կամքն ու ոգին շատ ավելի զորեղ են, քան ցանկացած զենք ու սպառնալիք:

Մարտի 5-ին ժամը 10։00-ի սահմաններում, ադրբեջանական զինուժի դիվերսիոն խումբը թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա, ինչի հետևանքով զոհվել է ոստիկանության 3 ծառայող՝ փոխգնդապետ՝ Արմեն Մայորի Բաբայանը, մայոր՝ Դավիթ Վալերիի Դանիելյանը, լեյտենանտ՝ Արարատ Թելմանի Գասպարյանը: Եվս մեկ ծառայող՝ լեյտենանտ Դավիթ Աշոտի Հովսեփյանը, ստացել է հրազենային վիրավորում և գտնվում է հանրապետական բժշկական կենտրոնում՝ բժիշկների հսկողության տակ: Արցախի Հանրապետության պետնախարար Գուրգեն Ներսիսյանը հայտարարել է, որ տարածքային կորուստներ չկան՝ նման լուրերը սուտ են։ Ադրբեջանը հայտնել է 2 զոհի մասին։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---