Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները դատապարտել են Փաշինյանի հայտարարությունը

Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները դատապարտել են Փաշինյանի հայտարարությունը

PanARMENIAN.Net - Շվեդիայի և Գերմանիայի հայ համայնքի խորհուրդները հանդես են եկել Արցախի Ազգային ժողովին զորակցող հայտարարությամբ, ինչպես նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարության դատապարտմամբ, հայտնում է ՀՅԴ հանրային կապերի գրասենյակը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրավիրած մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե ինչ է նշանակում ՀՀ կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քկմ տարածքով ճանաչելը, ասել է, որ 86,600 քառակուսի կմ տարածքը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը։ Փաշինյանն ասել է նաև, որ 86,600 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում են նաև անկլավները։ Վարչապետն ուշադրություն է հրավիրել Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության ապահովման կարևորությանը, ինչը պետք է քննարկվի Ստեփանակերտ-Բաքու ձևաչափով։

Գերմանահայերի Կենտրոնական խորհուրդն իր զորակցությունն է հայտնել Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը՝ համարելով, որ Արցախի Հանրապետությունը չի կարող ճանաչվել Ադրբեջանի մաս որևէ կառույցի կողմից, հատկապես ՀՀ իշխանության։

Նշվում է, որ Արցախի կարգավիճակն արդեն իսկ որոշվել է 1991թ. դեկտեմբերի 10-ի համաժողովրդական կամարտահայտությամբ, որը բխել է ՄԱԿ «ժողովուրդների և ազգերի ինքնորոշման մասին» բանաձևից և որևէ իշխանություն իրավասու չէ այն վիճարկել։

«Նիկոլ Փաշինյանը, փաստորեն, իր այդ հանձնառությամբ նաև խախտում է ՀՀ Անկախության հռչակագրի և Սահմանադրության ամրագրումներն Արցախի մասին, քանզի ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թվականի հուլիսի 8-ի որոշման համաձայն «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»,-ասվում է հայտարարության մեջ, որը ստորագրել է ԳԿԽ վարչությունը։

Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) նույնպես խստորեն դատապարտել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի մայիսի 22-ի հայտարարությունն առ այն, որ ՀՀ-ն պատրաստ է ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։

Նշվում է, որ հայտարարությունն ակնհայտորեն հակասում է միջազգային իրավունքի այնպիսի դրույթների, ինչպիսիք են՝ ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, ինչպես նաև սուվերենությունը և միջազգային քաղաքական կարգավիճակն ընտրելու իրավունքը։

«Շվեդիայի հայկական կազմակերպությունների միությունը (UAAS) այն կարծիքին է, որ Հայաստանի վարչապետի հայտարարած լուծումը չի հանգեցնի Արցախում խաղաղության, քանի որ այն ընդունելի չէ Արցախի Հանրապետության ժողովրդի համար։ Ընդհակառակը՝ առաջարկվող տարբերակն իրագործման պարագայում վտանգի տակ է դնում Արցախի ազգաբնակչության անվտանգությունը և կարող է առաջացնել այնպիսի պայմաններ, որոնք 90-ականներին, Խորհրդային Միության փլզումից հետո ազգամիջյան հակամարտության պատճառ դարձան»,-ասվում է UAAS-ի նախագահ Քատրին Հակոբյանի հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---