Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել

Նոյեմբերյանում իրավիճակը լարված է, ճանապարհ են փակել․ Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել

PanARMENIAN.Net - Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում իրավիճակը լարված է, մի քանի տասնյակ մարդիկ բողոքի ակցիա են անում` դեմ արտահայտվելով այդ հատվածում հայ–ադրբեջանական սահմանազատման գործընթացին։

Նրանք լրագրողներին արգելում են տեսանկարահանել և հրապարակումներ անել։

Խոսակցություններ կան, որ քաղաքացիները, որոնք ակտիվ ելույթներ են ունենում, հետո խնդիրներ են ունենում իրավապահների հետ, հայտնում է Sputnik Արմենիան։

Ակցիայի մասնակիցները փակել են ճանապարհն ու հեռացնում են մեքենաները, որոնց թվում նաև ԵԿՄ–ի մեքենա կա։

«Երկրապահի մեքենան մարդուն գցեց տակը, գլուխը ջարդեց, գնացեք, հիվանդանոցում նկարեք։ Մեկի ոտքն էլ կոտրվել ա»,– լրագրողների հետ զրույցում ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Նոյեմբերյան-Իջևան ճանապարհահատվածը փակած քաղաքացիների մոտ է նաև Նոյեմբերյանի փոխքաղաքապետ Մհեր Աղամյանը։

Նա, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ ապրիլի 22–ին կայացած հանդիպմանն անդրադառնալով, ասել է․«Այն առաջարկները, որոնք ներկայացվել են, համարել ենք, որ սպառնում են Նոյեմբերյան համայնքի անվտանգությանը և ՀՀ-ին։ Մենք հայտարարել ենք, որ չենք մասնակցելու այդ գործընթացին», հայտնում է Infocom-ը։

Բագրատ Սրբազանի կոչով ակցիայի մասնակիցները այժմ շարժվում են եկեղեցու բակ՝ քննարկման։

Նոյեմբերյանում ճանապարհ փակած ցուցարարներին Բագրատ սրբազանը կոչ է արել ինքնագործունեությամբ չզբաղվել, գրում է Sputnik Արմենիան։

«Երեկ գիշեր մենք խոսել ենք երիտասարդների հետ և որոշակի ծրագիր ենք մտածել։ Իմ հորդորն է, որ որևէ ինքնագործունեություն տեղի չունենա»,–ասել է նա։

Սրբազանն ընդգծել է, որ եթե ինչ–որ մարդիկ խմբերով գոռալով գան և փորձեն մարդկանց էմոցիաների հետ խաղալ, տեղի չտան, քանի որ այդ մարդիկ կապ չունեն այս ակցիաների հետ և ներդրված մարդիկ են։

«Կանոնավոր բանակի պես պետք է գործենք։ Ցաքուցրիվ տալով, պատեպատ տալով ոչ մի բան չի լինելու։ Ես ակտիվ քաղաքացիներին կոչ եմ անում 4–5–հոգանոց խորհուրդ կազմել... Եթե մենք ունենք ասելիք կամ անելիք, դա պետք է լինի միմիայն հաղթանակի մասին։ Էս պայքարն ու կռիվը ստի և ճշմարտության միջև է»,–ասել է նա։

Ոստիկանությունը բողոքի ակցիայի մասնակիցներին ժամանակ է տվել ճանապարհը բացելու համար։

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է Ոսկեպար - Աշաղը Ասկիպարա միջտարածքում և Բաղանիս Այրումից 750 մ հյուսիս-արևելք հատվածում պայթեցման աշխատանքների մասին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---