Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ

Էրդողանը հերթական ժխտողական ուղերձն է հղել Ապրիլի 24–ի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հայոց ցեղասպանության տարելիցի օրը՝ ապրիլի 24-ին, Պոլսո Հայոց պատրիարքին և հայ համայնքին ուղղված ուղերձով է հանդես եկել։ Դրանում Էրդողանը կրկին խուսափել է կատարված ոճրագործությանն իրական գնահատական տալուց՝ նշելով, թե իբր «Օսմանյան կայսրության քաղաքացի հայերը զոհվել են Առաջին աշխարհամարտի ընթացքում ի հայտ եկած ծանր պայմանների հետևանքով», հայտնում է Արմենպրեսը։

«Օսմանյան հողերում Առաջին աշխարհամարտի թողած ավերածությունները խորը հետքեր են թողել մեր հիշողության մեջ։ Մեր նախնիներից ժառանգած խաղաղության և հանգստության մթնոլորտի շարունակությունը հնարավոր է միայն մեր համատեղ ջանքերով»,- նշել է Թուրքիայի նախագահը։

Ի հեճուկս Թուրքիայում հայերի դեմ շարունակվող խտրականության և նրանց դեմ ազգայնական շրջանակների կողմից չդադարող ատելության խոսքի կիրառման՝ Էրդողանը հավաստիացրել է, թե իրենք «թույլ չեն տալու Թուրքիայի ոչ մի հայ քաղաքացու իրեն օտարված կամ երկրորդ կարգի մարդ զգալ»։

Սեփական քաղաքացիների դեմ 20-րդ դարասկզբին իրականցված ցեղասպանությունն ընդունել հրաժարվող պետության ղեկավարն իր ուղերձում նշել է, թե «գալիք սերունդներին աշխարհը շրջապատող բռնության և պատերազմի պարույրից պաշտպանելու ճանապարհը մեր ապագան միասին կառուցելն է՝ այն դասերի լույսի ներքո, որոնք կքաղենք մեր ընդհանուր ցավից»։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 23–ին, անդրադառնալով հայ–թուրքական հարաբերություններին, ասել էր, թե հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, իրատեսական հողի վրա նոր ճանապարհային քարտեզ ձևավորելու ժամանակն է։

«Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում։ Անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակը եկել և անցնում է։ Ժամանակի իրողություններով գործելը, իրականության հետ կապ չունեցող հորինված պատմական պատմվածքներով գործելուց միշտ ավելի լավ է։ Այս պահին Փաշինյանը ևս դա հասկանում է»,–ասել է նա։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---