Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

Բելգիայի ԱԳ նախարարը Բրյուսելում մասնակցել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված մոմավառությանը

PanARMENIAN.Net - Նաիրյան ուսանողական միությունը Բրյուսելում կազմակերպել էր մոմավառություն՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, որին նախորդել է ոգեկոչման արարողություն հայկական Սուրբ Մարիամ-Մագդաղենացի եկեղեցում։

Ոգեկոչման և մոմավառության արարողություններին ներկա էին Բելգիայի արտաքին գործերի նախարար Հաջա Լահբիբը, Բելգիայում Հայաստանի դեսպան, ԵՄ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Տիգրան Բալայանը, բելգիացի և հայ քաղաքական ու հասարակական գործիչներ, հայտնում է Արմենպրեսը։

Արտգործնախարար Հաջա Լահբիբն իր ելույթում նշել է, որ մարդկային պատմությունը նշանավորվել է ողբերգական էջերով, որոնցից մեկն էլ Հայոց ցեղասպանությունն է։ Նրա խոսքով՝ մինչ այդ օրերին Եվրոպան հազիվ փորձում էր ոտքի կանգնել աշխարհամարտից հետո, 1․5 միլիոն հայեր դատապարտվեցին ցեղասպանության, բռնագաղթի և սովի։ Արտգործնախարարը կարևորել է Հայաստանի և հայ ժողովրդի՝ մասնավորապես Բելգիայի հայ համայնքի հետ բարեկամական հարաբերությունները։ Նախարարն ուրախությամբ հիշել է և մեծ պատիվ համարեց անցյալ տարի Հայաստան կատարած այցը, Հայաստանում Բելգիայի դեսպանության բացումը։ Նախարարը հիշել է նաև Լեռնային Ղարաբաղում պայթունից տուժած արցախցիներին, որոնք իր ջանքերով բուժում ստացան Բելգիայում։

Դեսպան Տիգրան Բալայանի խոսքով՝ Բրյուսելում Հայոց ցեղասպանության ոգեկոչման արարողությունը վկայում է Բելգիայի Թագավորության՝ համամարդկային արժեքներին նվիրվածության մասին։

«Պատմության այդ ողբերգական էջը ոչ միայն հայ ժողովրդի հիշողությունն է, այլև համայն մարդկության պատասխանատվությունը՝ ապագա սերունդներին փոխանցելու «այլևս երբեք» պատգամը։ Ցավոք, հարյուր տարի առաջ տեղի ունեցած հանցագործությունները շարունակվում են նաև մեր օրերում», - ասաց դեսպանը՝ համեմատություն անցկացնելով Հայոց ցեղասպանության և Լեռնային Ղարաբաղում 2023 թվականի սեպտեմբերին տեղի ունեցած էթնիկ զտման միջև։ Նա ընդգծեց Լեռնային Ղարաբաղի հայերի՝ իրենց պատմական հայրենիք անխափան վերադառնալու իրավունքի իրացման պաշտպանությունն ապահովելու կարևորությունը և Ադրբեջանի կողմից պետական մակարդակով հովանավորվող հայատյաց քաղաքականության դատապարտման անհրաժեշտությունը։

Արևմտյան Եվրոպայում Հայրապետական Պատվիրակի փոխանորդ, Բելգահայոց հոգևոր հովիվ Զատիկ վարդապետ Ավետիքյանն իր խոսքում նշել է, որ Բրյուսելի սրտում գտնվող հիշատակի խաչքարը ոչ միայն անցյալն է հիշատակում, այլև ապագայի պատգամ է, որպեսզի քաղաքական գործիչները հիշեն ու կանխեն նման ոճրագործությունները։ Իսկ խաչքարի վրա փորագրված զանգակը, վարդապետի խոսքով, խորհրդանշում է հայ նահատակների արյունը, հիշեցնում, որ արթուն լինենք, որ նույն արհավիրքը նորից չկրկնվի։

Ապրիլի 24-ին Բրյուսելի Հենրի Միշու հրապարակում՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված խաչքարի մոտ տեղի կունենա ոգեկոչման արարողություն, որին ներկա կգտնվեն քաղաքական գործիչներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ Բելգիայից և արտերկրից։ Արարողությանը կնախորդի Սուրբ նահատակներին ուղղված Բարեխոսության աղոթք և հիշատակի արարողություն։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---