Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար

Amnesty International․ Ադրբեջանի կողմից էական առաջընթաց չի գրանցվել ԼՂ հայերի ապահով վերադարձի համար

PanARMENIAN.Net - Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպության 2023 թվականին մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ տարեկան զեկույցում Ադրբեջանին վերաբերող հատվածում անդրադարձ է արվում նաև Արցախում իրականացված էթնիկ զտմանը։

Նշվում է, որ Ադրբեջանի կողմից որևէ էական առաջընթաց չի գրանցվել՝ մինչև տարեվերջ Լեռնային Ղարաբաղ հայերի ապահով և արժանապատիվ վերադառնալու իրենց իրավունքը ապահովելու համար, հայտնում է Factor.am-ը։

«Սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը լայնածավալ ռազմական հարձակում սկսեց՝ զինաթափելու և ցրելու փաստացի իշխանություններին Լեռնային Ղարաբաղի անջատված տարածքում։ Մի քանի ժամվա ընթացքում նրա ուժերը վերականգնեցին վերահսկողությունը ամբողջ տարածաշրջանի վրա, և մի քանի օրվա ընթացքում սեպտեմբերին և հոկտեմբերին ավելի քան 100,000 մարդ՝ Լեռնային Ղարաբաղի գրեթե ամբողջ էթնիկ հայ բնակչությունը, փախավ Հայաստան։ Տեղահանվածները բախվել են տնտեսական դժվարությունների և անորոշության»,- ասվում է զեկույցում։

Նշվում, թե «Ադրբեջանի իշխանությունները համաներում էին խոստացել նրանց, ովքեր կռվել են Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների համար, բացառությամբ ռազմական հանցագործությունների ենթադրյալ հեղինակների»:

Նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի մի քանի էթնիկ հայ առաջնորդներ ձերբակալվել և մեղադրվել են պատերազմական հանցագործությունների մեջ, երբ նրանք փորձում էին լքել տարածաշրջանը ու գնալ Հայաստան»։

Կազմակերպությունը նաև հիշեցնում է, որ դեկտեմբերին Ադրբեջանն ազատ էր արձակել 32 հայ ռազմագերիների՝ համաձայնելով աշխատել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ուղղությամբ, Հայաստանի համաձայնության դիմաց COP29-ը՝ Բաքվում անցկացնելու։

«Իշխանությունները ռազմական հաղթանակն օգտագործեցին՝ իրենց իշխանությունն է՛լ ավելի ամրապնդելու և այլախոհության ճնշումն ուժեղացնելու համար»,- ասվում է զեկույցում, որտեղ արձանագրված են նաև Բաքվի կողմից միջազգային մարդասիրական իրավունքի խախտումները։

«Սեպտեմբերին ռազմական հարձակումից ինը ամիս առաջ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, որը Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող ճանապարհն է, առաջացրել էր առաջին անհրաժեշտության ապրանքների, այդ թվում՝ սննդի, դեղորայքի և վառելիքի հումանիտար ճգնաժամ անջատված տարածաշրջանում։ Փետրվարին Արդարադատության միջազգային դատարանը հրահանգել էր «անարգել տեղաշարժ» երկու ուղղություններով, սակայն դա անտեսվեց։ Ադրբեջանի իշխանությունները պնդում էին, որ Լեռնային Ղարաբաղը մատակարարվի Ադրբեջանի կողմից վերահսկվող տարածքից կամ Հայաստանից մատակարարումները ենթարկվեն մանրակրկիտ ստուգումների, ինչը հայկական կողմը մերժեց»,- նշում է զեկույցի հեղինակները։

Անդրադարձ է կատարվում նաև Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործություններին։

«Նախորդ տարիներին ենթադրյալ պատերազմական հանցագործությունների և միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների, այդ թվում՝ ադրբեջանական զինուժի անհամաչափ և անխտիր հարձակումների, ինչպես նաև ադրբեջանական ուժերի կողմից քաղաքացիական անձանց և ռազմագերիների սպանությունների, բռնության արժանահավատ ապացույցների հետաքննության հարցում էական առաջընթաց չի արձանագրվել: Այս հանցագործությունների համար անպատժելիությունը շարունակում է ընդգծել շարունակական մտահոգությունները՝ կապված Ադրբեջանի իշխանությունների հանձնառության հետ՝ ապահովելու Լեռնային Ղարաբաղում խաղաղ բնակչության պաշտպանությունը»,- ասվում է կազմակերպության զեկույցում։

Ադրբեջանը սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ լայնամասշտաբ հարձակում է իրականացրել՝ ամբողջությամբ զանգվածային հրետակոծության տակ առնելով երկիրը։ Արդյունքում մեկ օր անց՝ սեպտեմբերի 20-ին ԱՀ իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահ առաքելության հրամանատարության առաջարկը կրակի դադարեցման վերաբերյալ՝ համաձայնվելով Բաքվի պայմաններին՝ ՊԲ զինաթափում և Արցախի Հանրապետության լուծարում։ Սեպտեմբերի 24-ից արցախցիների բռնի տեղահանում է սկսվել, 100,000–ից ավելի մարդ է բռնի տեղահանվել Հայաստան: Ըստ որոշ տվյալների, Արցախում մոտ 20 հայ է մնացել։ Սեպտեմբերի 28–ին ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել ԱՀ լուծարման մասին, որը ուժի մեջ է մտել 2024–ի հունվարի 1–ից։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---