Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է

Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով հաղորդումը դատախազությունում է

PanARMENIAN.Net - ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ և 421-րդ հոդվածներով հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազություն` վարչապետ Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու պահանջով՝ «Տավուշում ՀՀ ինքնիշխան տարածքները և բնակավայրերը Ադրբեջանին հանձնելու գործընթաց սկսելու կապակցությամբ»։

Հաղորդումը կազմել են փաստաբան Արա Զոհրաբյանը և պահեստազորի գնդապետ Հայկ Նահապետյանը, հայտնում է Aysor.am-ը։

ՀՀ քրեական օրենսգրքի 418-րդ հոդվածով․

1.Պետական դավաճանությունը՝ թշնամու կողմն անցնելը, լրտեսությունը, օտարերկրյա պետությանը, օտարերկրյա կամ միջազգային կազմակերպությանը կամ դրա ներկայացուցչին պետական գաղտնիք պարունակող տեղեկություն հանձնելը կամ այդ տեղեկությանը նշված անձանց ծանոթանալու համար պայման ստեղծելը կամ թշնամական գործունեություն իրականացնելու համար այլ օգնություն ցույց տալը, որը կատարել է Հայաստանի Հանրապետության քաղաքացին՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության, տարածքային անձեռնմխելիության կամ արտաքին անվտանգության՝ պատժվում է ազատազրկմամբ՝ տասնհինգից քսան տարի ժամկետով, կամ ցմահ ազատազրկմամբ:

ՀՀ քրեական օրենսգրքի 421-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն․

1.Տարածքային ամբողջականությունը խախտելուն բռնություն գործադրելու կամ բռնություն գործադրելու սպառնալիքի միջոցով Հայաստանի Հանրապետության տարածքի մասն առանձնացնելուն կամ Հայաստանի Հանրապետության տարածքը կամ դրա մասն այլ պետությանը հանձնելուն ուղղված գործողություններ կատարելը

պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնհինգ տարի ժամկետով:

Հաղորդմամբ պահանջվում է՝ «հանձնարարել նախաձեռնել քրեական վարույթ, ձեռնամուխ լինել նախաքննության իրականացմանը և լուծել Նիկոլ Փաշինյանին քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը»:

Ապրիլի 19–ի երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը համաձայնել է վերադարձնել Տավուշի հատվածում Ադրբեջանի պահանջած գյուղերը՝ դրա դիմաց չստանալով Բերքաբերի դիմաց գտնվող հայկական տարածքները, որոնք այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ են։ Իսկ Ոսկեպարին հարակից միջպետական ճանապարհի հատվածը այս փուլում չի սահմանազատվի, այսինքն՝ կմնա հայկական վերահսկողության տակ։ Բաքվի և Երևանի համատեղ հայտարարությունից չորս օր անց Հայաստան-Ադրբեջան սահմանին տեղադրվեց առաջին սահմանային սյունը։

Սահմանագծի տվյալ հատվածների նկարագրությունը կազմվելու է` հաշվի առնելով տեղանքում գեոդեզիական չափումների արդյունքում կատարված կոորդինատների հստակեցումը, որը պետք է ավարտվի մինչև 2024 թ. մայիսի 15-ը:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---