Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ

Սանոսյան. Փորձում ենք ափապաշտպան աշխատանքներ տանել, կապ հաստատել կտրված բնակավայրերի հետ

PanARMENIAN.Net - ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը, անդրադառնալով հեղեղումների և Դեբեդի վարարման պատճառով Լոռու և Տավուշի մարզերում ստեղծված աղետալի վիճակին, մայիսի 26–ի երեկոյան հայտարարել է, որ ընթանում են ափապաշտպան աշխատանքներ, փորձում են վերականգնել կապը կտրված բնակավայրերի հետ, հայտնում է «Ազատությունը»։

Նա հավելել է, որ հիմնական խնդիրը 7 բնակավայրի հետ է։ Նա նշել է, որ գետը շարունակում է վարարած մնալ։

Նախարարը նաև ասել է, որ հասցված վնասը հսկայական է, սակայն դեռևս այն հնարավոր չէ ճշգրիտ գնահատել։

Սանոսյանի գլխավորությամբ Ալավերդիում տեղի է ունեցել օպերատիվ շտաբի խորհրդակցություն: Մասնակցել են շտաբի պետ, Փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալը, Լոռու մարզպետը, մարզային փրկարարական վարչության պետն ու այլ պաշտոնատար անձինք։

Ըստ Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամի՝ վարորդներին հորդորվում է դեպի Վրաստանի սահման ուղևորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։

ՆԳՆ–ն հայտնել է, որ աղետի գոտում կա երեք զոհ։ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:

Տավուշի մարզում փլուզվել է 2 կամուրջ, վնասվել՝ 1-ը, փլուզվել են 3 բնակելի տուն, ջրալցվել՝ 45 տուն, 2 հյուրանոց, 18 հասարակական և այլ նշանակության օբյեկտներ։ Լոռու մարզում Դեբեդ գետի վարարման հետևանքով Մ6 ավտոճանապարհի Վանաձոր-Ալավերդի հատվածի 31-րդ կմ-ը հեղեղվել է, և մոտ 50 մ երկարությամբ հատվածը փլուզվել է, վնասվել են գետի վրայով անցնող 3 կամուրջներ և տարբեր նշանակության 70 շենք-շինություններ։

 Ուշագրավ
Դիմում կարող են ներկայացնել ծրագրի առաջին փուլի պայմաններին բավարարող շահառուները
Շինարարությունը պետք է ավարտվեր դեռ 2021–ին, սակայն, մինչ օրս պարբերաբար հետաձգվում էր
---