Բաբաջանյան․ Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում ՀՀ–ն ու ԱՄՆ-ն կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

Բաբաջանյան․ Հաջորդ շաբաթ Վաշինգտոնում ՀՀ–ն ու ԱՄՆ-ն կստորագրեն ռազմավարական գործընկերության համաձայնագիրը

PanARMENIAN.Net - «Հանուն Հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ հաջորդ շաբաթ Վաշինգտոնում Հայաստանն ու ԱՄՆ-ը կստորագրեն Հայաստանի և ԱՄՆ-ի ռազմավարական գործընկերության համաձայնագիրը, որը կարևոր քայլ է երկկողմ հարաբերությունների ամրապնդման համար։

Նա նշել է, որ համաձայնագիրը ներառում է մի քանի առանցքային ուղղություններ։

«Անվտանգության ոլորտում այն խթանում է պաշտպանական համակարգերի արդիականացումը, համատեղ վարժանքները և տարածաշրջանային կայունության նախաձեռնությունները, տալով Հայաստանին ավելի ամուր գործիքներ իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։

Էներգետիկայի ոլորտում այն առաջնահերթություն է տալիս վերականգնվող էներգիայի նախագծերում ներդրումներին, էներգետիկ ցանցի արդիականացմանը և կայուն էներգետիկ տեխնոլոգիաների կիրառմանը՝ բարձրացնելով Հայաստանի էներգետիկ անկախությունը։

Տնտեսության մեջ այն խթանում է ԱՄՆ ներդրումները ՏՏ, ենթակառուցվածքների և գյուղատնտեսության ոլորտներում, ընդլայնում առևտրային հնարավորությունները և աջակցում ձեռներեցությանը՝ ստեղծելով բարձրարժեք աշխատատեղեր։ Տեխնոլոգիաների ոլորտում այն նպաստում է համագործակցությանը արհեստական ինտելեկտի, կիբերանվտանգության և թվային ենթակառուցվածքների ոլորտներում՝ արագացնելու Հայաստանի նորարարական զարգացումը։

Համաձայնագիրը արտացոլում է Հայաստանի և ԱՄՆ-ի համատեղ նվիրվածությունը ժողովրդավարությանը, կայունությանը և առաջընթացին՝ ապահովելով Հայաստանի համար անվտանգ և բարեկեցիկ ապագայի հստակ ուղի»,–ասվում է գրառման մեջ։

 Ուշագրավ
---