ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՄԵՆԱՄՅԱ ԵԿԱՄՈՒՏԸ ԿԱԶՄՈՒՄ Է ՀԻՆԳ ԵՎ ԿԵՍ ՀԱԶԱՐ ԴՈԼԱՐ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի ամենամյա եկամուտը կազմում է 3,2 միլիոն դրամ (մոտ 5500 հազար դոլար): Նախագահը բնակարան ունի Երեւանում: Նախագահի կինը` Բելա Քոչարյանն ունի բնակարան 56 քառակուսի մետր մակերեսով: Նախագահի տղան` Սեդրակ Քոչարյանը, միակն է ընտանիքում, որն ունի 1991 թվականին թողարկված ՎԱԶ 2106 մակնիշի ավտոմեքենա: Նրա տարեկան եկամուտը կազմում է 2600 դոլար: Այս տվյալները, «Արմինֆո» գործակալության հաղորդման համաձայն, հրապարակված են կառավարության պաշտոնական տեղեկագրում: Համաձայն օրենքի` հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց ընտանիքի անդամները պարտավոր էին մինչեւ հունիսի մեկը հայտարարագրեր ներկայացնել իրենց եկամուտների եւ ունեցվածքի մասին: Կառավարության պաշտոնական տեղեկագրում նշված է նաեւ վարչապետ Անդրանաիկ Մարգարյանի ամենամյա եկամուտը: Նա հայտարարագրել է 4500 դոլար ամենամյա եկամուտ: Կառավարության ղեկավարը բնակարան ունի Երեւանում` 72 քառակուսի մետր մակերեսով, երեք տնամերձ հողամաս, գյուղատնտեսական նշանակության մեկ հողամաս: Վարչապետի կինը` Սուսաննա Մարգարյանն, ունի բնակարան 63 ք.մ մակերեսով, աշխատավարձի ձեւով եկամուտ չունի, սակայն բանկի իր հաշվեհամարին ունի 10 հազար դոլար: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ունի բնակարան եւ «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենա: Նրա եկամուտները սահմանափակվում են պետական աշխատավարձով: Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանն ունի մեկ բնակարան եւ 25 ք.մ կազմող արտադրական մակերես: Հատկանշական է, որ ամենահարուստը գյուղատնտեսության նախարար Դավիթ Զադոյանի կինն է, որը հայտարարագրում նշել է հարյուր հազար դոլարի չափով եկամուտ: Նա ունի 56 ք. մ տարածքքով բնակարան եւ 12 հազար ք.մ կազմող արտադրական հողամաս: Ինքը` նախարարը, ապրում է միայն աշխատավարձով: Տրանսպորտի եւ կապի նախարար Անդրանիկ Մանուկյանը, որը բազմիցս հայտարարել է, որ ինքը հաջողակ ձեռներեց է, հայտարարագրում նշել է 2000 թվականին թողարկված «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան եւ տարեկան 51 հազար դոլար կազմող եկամուտը: Արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանը ունի բնակարան, տարեկան 25 հազար դոլար եկամուտ եւ աշխատավարձ է ստանում: «Ազատություն» ռադիոկայանը տվյալներ ունի խորհրդարանի ղեկավարության հայտարարագրված եկամուտների մասին. Ազգային Ժողովի խոսնակ Արմեն Խաչատրյանն ունի երկու բնակարան` 183 քառակուսի մետր ընդհանուր տարածքով եւ 1999 թվականին թողարկված «BMW» մակնիշի անձնական ավտոմեքենա, ինչպես նաեւ 2,2 միլիոն դրամ (ավելի քան 4 հազար դոլար) տարեկան եկամուտ: Խորհրդարանի փոխխոսնակ Գագիկ Ասլանյանն ունի մեկ բնակարան եւ 1 միլիոն 895 հազար դրամ տարեկան եկամուտ: Նշենք, որ հանրապետության հարկային մարմիններին իրենց հայտարարագրերն են ներկայացրել 6300 բարձրաստիճան պաշտոնյաներ եւ նրանց ընտանիքների անդամներ:





Լրատվության արտատպելու, կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net -ի վրա պարտադիր է:
 Ուշագրավ
---