ՍԱՏՄ-ն կստուգի Ադրբեջանի տարածքով ՀՀ ներկրված հացահատիկը![]() 6 նոյեմբերի 2025 - 14:30 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի տարածքով ՀՀ ներկրված ռուսական հացահատիկից նմուշառում կիրականացվի և կուղարկվի բուսասանիտարական փորձաքննության, ինչպես արվում է ՀՀ ներկրվող նմանատիպ այլ բեռների դեպքում։ Այդ մասին հայտնել են Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից, տեղեկացնում է Factor.am-ը։ Նշվել է, որ բեռնափոխադրումը ԵԱՏՄ երկրների միջև է (Ռուսաստանից Հայաստան) և սահմանին հսկողություն չի կատարվում։ «Ապավեն» ընկերության գործադիր տնօրեն Գագիկ Աղաջանյանն ասել է, որ սա Հայաստանի համար նոր երթուղի ու նոր հնարավորություն է։ «Սա տրանսպորտի այլ ուղի է, և դա, ամեն դեպքում, հետաքրքիր է մեզ համար։ Երկաթուղային կապ 30 տարուց ավելի Ռուսաստանի հետ չենք ունեցել։ Եվ դա ոչ միայն Ռուսաստան է, այլ նաև Միջին Ասիա»,- ասել է նա։ Մինչ այժմ ցորենը Վլադիկավկազից Հայաստան է տեղափոխվել բեռնատար մեքենաներով՝ մոտ 250 կմ հեռավորությամբ մինչև ՀՀ սահմանը։ Ըստ Աղաջանյանի՝ դեռ անհրաժեշտ է ուսումնասիրել և համեմատել, թե որ երթուղին է առավել արդյունավետ և շահավետ։ Հայաստանը հացահատիկի իր կարիքների մեծ մասը՝ տարեկան 300-350 հազար տոննա, ներմուծել է Ռուսաստանից։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով ռուսական ցորենի ներկրմանը, ասել է, որ Ադրբեջանի տարածքով Հայաստան տեղափոխվող բեռների գործընթացը դինամիկ է և փոփոխվող, և առաջիկայում կարող են ներգրավվել նոր շարժակազմեր, հայտնում է Արմենպրեսը։ Վարչապետի պարզաբանմամբ՝ նախապես որոշված է եղել, որ առաջին շարժակազմը Հայաստան պետք է ժամանի Ղազախստանից, սակայն զարգացման ընթացքում Ադրբեջանը թույլ է տվել, որ նաև Ռուսաստանից եկող գնացքները օգտվեն այդ երթուղուց։ «Պարզվեց, որ Ադրբեջանը նման հնարավորություն տալիս է նաև Ռուսաստանից եկող գնացքներին, և հիմա Ռուսաստանից որոշակի ապրանքախմբեր այդ ճանապարհով Հայաստան արտահանելու վերաբերյալ հայտեր են գեներացվում։ Ըստ էության՝ հոսքերը սկսում են վերադասավորվել նաև Ադրբեջանով Հայաստան հասնելու համար»,- ասել է նա։ Նրա խոսքով՝ մինչ Ղազախստանից նախատեսված շարժակազմը հասնի Հայաստան, հնարավոր է, որ այդ ընթացքում այլ բեռներ ևս ներմուծվեն։ Վարչապետն առանձնակի կարևորել է նաև հնարավորությունը՝ Հայաստանից կամ Վրաստանից բեռների տարանցման կազմակերպումը Ադրբեջանի տարածքով դեպի Ռուսաստան, Ղազախստան կամ այլ երկրներ։ «Պետք է նաև գործնականում պարզվի՝ հակառակ ուղղությամբ ապրանքներ ինչպե՞ս են հոսելու։ Համոզված եմ, որ ժամանակի ընթացքում հանրությունը այդ տեղեկատվությունը կիմանա»,- ավելացրել է նա։ Նոյեմբերի 6-ի գիշերը Հայաստան է հասել մոտ 1000 տոննա ռուսական ցորեն, որը տեղափոխվել է Ադրբեջանի տարածքով։ Ռուսական կողմը հայտնել է, որ մոտ ապագայում նախատեսվում է Հայաստան արտահանել ևս 132 վագոն ցորեն նույն երթուղով։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը 2025 թվականի հոկտեմբերի 21-ին հայտարարել է, որ իր երկիրը վերացրել է Հայաստանի բեռների տարանցման սահմանափակումները։ Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է |