Եկեղեցում միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի կալանքի մասին որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին

Եկեղեցում միջադեպի մասնակից Դավիթ Մինասյանի կալանքի մասին որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին

PanARMENIAN.Net - Վարույթն իրականացնող մարմինը միջնորդել է 2 ամսով կալանավորել Սուրբ Աննա եկեղեցում տեղի ունեցած միջադեպի մասնակից երկվորյակ եղբայրներից մեկին՝ Դավիթ Մինասյանին։ Նրա կալանքի մասին որոշումը կհրապարակվի ապրիլի 1-ին 12:00-ին, հայտնում է Panorama.am-ը:

Լրագրողների հետ զրույցում Դավիթի պաշտպաններից Վարդուհի Էլբակյանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանը`դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, 3 ժամ է քննելում է հարցը:

«Իմ գնահատմամբ՝ վարույթն իրականացնող մարմինը չի կարողանում հիմնավորել ներկայացված միջնորդությունը»,-նշել է պաշտպանը, հայտնում է Sputnik Արմենիան:

Ինչ վերաբերում է Դավիթի ինքնազգացողությանը, ապա ամբողջ նիստի ընթացքում նա փաստաբանի ձեռքը բռնած է եղել, դատարանը թույլ է տվել, որ Դավիթը հարցերին նստած պատասխանի։

Պաշտպաններից Սերգեյ Հարությունյանի գնահատմամբ՝ այն փաստաթղթերը, որ փաստաբանական խմբի կողմից ներկայացվել էին, բավարար էին, որ կալանքի այս միջնորդությունը առհասարակ չլիներ։

«Հիմքեր ընդհանրապես չկան։ Չափազանց անհիմն ենթադրություններ են, թե կարող է նոր հանցագործություններ կատարել՝ պայմանավորված նաև այս իրավիճակով, սպասվող ընտրություններով և այլն։ Այդ բոլոր հիմքերը մերկապարանոց են։ Իմ կարծիքով՝ խնդիրը զուտ նախադեպ ստեղծելն է»,- նշել է Հարությունյանը։

Պաշտպանը նաև ընդգծել է, որ իրավապահ համակարգը իրականում պետք է նախաձեռներ լրիվ այլ վարույթ՝ կապված հոգևոր ծեսի խոչընդոտման հետ (նկատի ունի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և անվտանգության աշխատակիցների կողմից. խմբ․)։

Միջադեպին մասնակցած Դավիթի և Միքայելի մայրը՝ Գայանե Մինասյանը, բաց նամակով դիմել է դատարանին՝ խնդրելով, որ իր որդին մինչև հիմնական դատական նիստերը մնա ազատության մեջ։

«Առողջական խնդիրներով պայմանավորված՝ դեռևս չորս տարեկանից Դավիթն ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք։ Ինքս, լինելով մասնագիտությամբ բժիշկ, ամենօրյա ռեժիմով հոգ եմ տանում նրա առողջության մասին։ Ես` որպես ծնող, որպես մայր, խնդրում եմ Ձեզ ըմբռնումով մոտենալ իմ խնդրանքին, քանի որ 18-ամյա տղայիս առողջական վիճակն իսկապես անհամատեղելի է կալանքի հետ և կարող է ունենալ ճակատագրական հետևանքներ»,- գրել է մայրը։

Նա նաև վստահեցրել է, որ ընտանիքը պատրաստ է աջակցել անաչառ քննությանը։

Մարտի 29-ին Սուրբ Աննա եկեղեցում տեղի է ունեցել միջադեպ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Այն պահին, երբ վարչապետը դուրս է եկել տաճարից, ներկաներից մեկը դժգոհությամբ դիմել է թիկնապահին՝ «Տենց չնայես ինձ»։ Մեկ այլ անձ շարքից փորձել է հարված հասցնել Փաշինյանի ուղղությամբ։ Վարչապետը թիկնապահներին հրահանգել է պահպանել հանգստություն և չմիջամտել։ Ավելի ուշ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական և քաղաքական գործունեությանը միջամտելու կասկածանքով ձերբակալվել են երեք անձ։ Նրանցից երկուսը եղել են երկվորյակ եղբայրներ՝ Դավիթ և Միքայել Մինասյանները։

Մարտի 30-ին քննիչները իրականացրել են խուզարկություն եղբայրների բնակարանում։ Մարտի 31-ին հայտնի է դարձել, որ միջադեպից հետո ձերբակալված երեք երիտասարդների նկատմամբ հարուցվել է քրեական վարույթ՝ խուլիգանության և պաշտոնատար անձի օրինական ծառայողական կամ քաղաքական գործունեությանը միջամտելու հոդվածներով։ Այսօր երկվորյակներից մեկի՝ Միքայել Մինասյանի նկատմամբ ընտրվել է խափանման միջոց՝ բացակայելու արգելք և 5 միլիոն դրամ գրավ։

 Ուշագրավ
---